Հայերը «Կրեմլյան ցուցակում». Աշոտյանը հորդորում է ողբերգություն չսարքել

Կրեմլյան ցուցակում հայկական ազգանունների առկայությունից պետք չէ ողբերգություն սարքել, կարծում է Արմեն Աշոտյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կոչ է անում մեծ ողբերգություն չսարքել ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլյան ցուցակում» ռուսաստանաբնակ հայերի անունների առկայությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ դեռևս պարզ չէ, թե այդ ցուցակում ներգրավված լինելը ինչ հետևանքներ է ունենալու:

Ամենահարուստ «հայը». Վաշինգտոնը ՀՀ քաղաքացիություն է «տվել» ռուսաստանցի միլիարդատիրոջը

«Հայաստանը փորձում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ երբեք չխառնել: Հայաստանը շահերի համադրման գոտի է, ոչ թե՝ հակադրման: Ռուս-ամերիկյան տնտեսական եւ քաղաքական բախումներից մենք չենք շահում: Տնտեսական և քաղաքական առումով աշխարհը չի շահում, որովհետև լրացուցիչ գլոբալ մարտահրավերներ կան: Այն ցուցակը, որ հրապարակեց ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, բուռն քննարկման առարկա է Ռուսաստանում: Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեծ ողբերգություն սարքենք, որ մեր հայրենակիցներից այդ ցուցակի մեջ ներգրավված են, քանի որ պարզ չէ, թե այդ ցուցակում ներգրավված լինելը ինչ հետևանքներ է ունենալու»,- ասաց Աշոտյանը։

Նա նշեց, որ ցուցակի անվանական կազմը չի ենթադրում իրավական հետևանքներ: Այդ ցուցակում ներառվելը չի նշանակում, որ բոլորը մեղավոր են։

Աշոտյանի խոսքով` անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն իր գործիքների շրջանակում կզբաղվի իր քաղաքացիների խնդիրներով:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Կրեմլյան ցուցակը», որում ներառված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող պետական պաշտոնյաների ու գործարարների անունները: