«Այն աշխարհի» գինն ու հազարամյա ասեղը. հայկական Ագիտու գյուղը զարմացրել է գերմանացի գիտնականներին

Ցանկացած հնագետ ուզում է լինել Հայկական լեռնաշխարհի տարածքում գտնվող քարանձավներում։ Ագիտու գյուղում հայ–գերմանական արշավը զարմացրել է հնագետներին և բազմաթիվ անակնկալներ մատուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հրաշքներով հայտնի Ագիտու գյուղը գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի ափերից ոչ հեռու։

«Ագիտու 3» և «Ագիտու 7» քարանձավներում անցկացվող պեղումները զարմացրել են հնագետներին։ «Ագիտու 3»-ում գիտնականները հայտնաբերել են կմախքներ, որոնց բերաններում մետաղադրամներ են եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը։

Եզակի հուշարձան

«Ագիտու 3»-ը հնագիտական յուրահատուկ հուշարձան է, քանի որ պարզվել է` տասնյակ հազարավոր տարիներ առաջ այնտեղ մարդիկ են ապրել։

Գասպարյանի խոսքով` պեղումները հետաքրքրել են եվրոպացի գործընկերներին։

«Հեյդելբերգի գիտությունների ակադեմիայի և Թյուբինգենի համալսարանի գործընկերներն իրագործում են նախագիծ` կապված եվրասիական գոտում մարդու կենսագործունեության ուսումնասիրության հետ։ Նրանք փորում են Հնդկաստանում, Չինաստանում, Իսրայելում և այլ երկրներում։ Իսկ Ագիտուն նրանց համար այդ հետազոտությունների մասն է։ Նրանց հետաքրքրում է բարձրադիր շրջաններում ապրած մարդկանց կյանքը», — նշեց հնագետը։

Հայ-գերմանական հնագիտական արշավախումբը պեղումները սկսել է 2009թ-ին։

Մի քանի շերտ ուսումնասիրելուց հետո հնագետները հասկացել են, որ մարդիկ աստիճանաբար են հարմարվել այդ տեղանքին, քանի որ Սիսիան քաղաքի շրջանում շատ ցուրտ է։

«Հետաքրքիր է, որ նրանք ադապտացվել են այդ կլիմային։ Մոտակայքում Որոտան գետն է, շատ ջուր կա, կենդանիներ։ Այսինքն սնվելու հարցը հեշտ է լուծվել։ Մենք ապրում ենք սեյսմիկ գոտում, և ակնհայտորեն երևում են երկրաշարժերի հետևանքներ», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նրա խոսքով` հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ 20-40 հազար տարի շարունակ օգտագործել են այդ քարանձավը։

Գասպարյանը նշեց, որ «Ագիտու 3»-ի տարածքում հայտնաբերված գտածոները չէին կարող չզարմացնել հնագետներին։

1 / 6
Պեղումներ Ագիտուում
2 / 6
Պեղումներ Ագիտուում
3 / 6
Պեղումներ Ագիտուում
4 / 6
Պեղումներ Ագիտուում
5 / 6
Գտածոներ
6 / 6
Գտածոներ

«Մենք դամբարան գտանք, որտեղ յոթ մարդու էին թաղել։ Առայժմ ուսումնասիրում ենք հայտնաբերված կմախքները։ Ամենայն հավանականությամբ, ընտանեկան դամբարան է։ Բոլորի բերաններում մետաղադրամներ կային։ Դա յուրահատուկ վճար է եղել այն աշխարհ ուղևորվելու համար։ Բայց սա ընդամենը մեր ենթադրությունն է», — նշեց հնագետը։

Նրա խոսքով` հիմա գիտնականներին առաջին հերթին հետաքրքրում է այն, թե ընտանեկան կապ կա արդյոք մի դամբարանում թաղված մարդկանց միջև։ Ինչպես նշեց Գասպարյանը, այդ ժամանակ ազգություններ չեն եղել, գիտության համար նույնպես ազգեր չկան։

Միջնադարյան գաղտնիքներ

Ձմռանը հնագիտական պեղումներ չեն անցկացվում, բայց ամռանը մասնագետները կշարունակեն իրենց դժվար գործը։ Եվս մեկ քարանձավ` «Ագիտու 7»-ը, արդեն հետաքրքիր է նրանով, որ այնտեղ միջնադարյան մարդկանց կյանքի ապացույցներ կան։

«Ամենայն հավանականությամբ, այստեղ ապրել են մեզ համար անհայտ աղանդների ներկայացուցիչներ, կրոնական ծեսեր են անցկացրել։ Այդ ամենը տեղի է ունեցել 13-14-րդ դարերում։ Ուզում եմ տեղեկությունները հանձնել գործընկերներիս, որ նրանք զբաղվեն ուսումնասիրություններով», — նշեց Գասպարյանը։

Երբ հնագետները սկսել են մաքրել գտածոները, գտել են քարե արկղեր, որոնք անտիկ և ուրարտական դամբարաններ են հիշեցնում։ Առաջին արկղը փակված է եղել սալիկներով։ Դրանց մեջ գիտնականները գտել են Ուրարտուի ժամանակների կարմիր անոթներ, որոնց վրա մուր է եղել։

Գասպարյանը նշեց, որ քարանձավները մինչև վերջ ուսումնասիրված չեն, բայց Ագիտուի մասին գիտական հետաքրքիր աշխատանքներ, հրապարակումներ և հոդվածներ կլինեն միջազգային տարբեր ամսագրերում։