Աֆղանցի «Մեսսիի» հուզիչ պատմությունը. տղային սպառնացել են ֆուտբոլի հանդեպ սիրո համար

Երկու տարի է անցել այն պահից, երբ աֆղանցի Մուրթազա Ահմադին մարզաշապիկ է նվեր ստացել իր կուռքի` Լիոնել Մեսսիի ստորագրությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Աֆղանցի տղան` Մուրթազա Ահմադին, ֆուտբոլ շատ է սիրում, նա երկու տարի առաջ մարզաշապիկ էր նվեր ստացել իր կուռքի` Արգենտինայի հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ստորագրությամբ։ Այն ժամանակ նա Sputnik-ին տված հարցազրույցում պատմել էր, որ շատ ուրախ է նվերի համար, բայց այնուամենայնիվ հույս ունի հանդիպել ֆուտբոլի լեգենդի հետ։ Մեսսին իրականացրել էր նաև այդ ցանկությունը և փոքրիկ երկրպագուի հետ հանդիպել Քաթարի մայրաքաղաք Դոհայում «Բարսելոնայի» ընկերական հանդիպումներից մեկի ժամանակ։

Афганский мальчик Муртаза Ахмади и футболист Лионель Месси.

Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ 2016թ-ին համաշխարհային ԶԼՄ-ներում տարածվել էր հինգ տարեկան Մուրթազայի լուսանկարները։ Նա սովորական պոլիէթիլենային տոպրակից իր համար մարզաշապիկ էր պատրաստել` լեգենդար ֆուտբոլիստի ազգանունով և համարով։

Sputnik Աֆղանստանը հիշել է այս պատմությունը և որոշել է պարզել, թե այսօր ինչպես է ապրում փոքրիկ «Մեսսին», և չի՞ մարել արդյոք ֆուտբոլի հանդեպ նրա հետաքրքրությունը։

Մուրթազա Ահմադին արդեն 7 տարեկան է, ապրում է Աֆղանստանի Գազնի նահանգի Ջագուրի գավառում։ Տղայի հայրը` Մոհամմադ Արեֆ Ահմադին, պատմել է Sputnik-ին, որ Մուրթազան առաջին անգամ հեռուստացույցով է տեսել Լիոնել Մեսսին ֆուտբոլային խաղի ժամանակ և դրանից հետո դարձել նրա մոլի երկրպագուներից մեկը։ Մուրթազան երազել է խաղալ այնպիսի մարզաշապիկով, ինչպիսին Մեսսիինն է։

«Ամեն օր տղաս ինձ խնդրում էր իր համար նման մարզաշապիկ գնել։ Ես որոշեցի կատարել տղայիս խնդրանքը, բայց տեղի շուկայում չկարողացա գտնել նման մարզաշապիկ», — պատմել է տղայի հայրը։

Այդ ժամանակ փոքրիկ Մուրթազան վերցրել է կապույտ և սպիտակ գծերով պոլիէթիլենային տոպրակը և խնդրել եղբորը դրա վրա գրել իր սիրելի ֆուտբոլիստի անունը և համարը։

«Ես չէի կարծում, որ տղաս այդքան շատ կուրախանա հասարակ տոպրակով», — ասել է Մոհամմադ Արեֆը։

«Արարատի» լեգենդ Պողոսյանը. կոտրել են ոտքը, քիթը, իսկ նա մարզչին ուղարկել է գրողի ծոցն ու հեռացել

Մուրթազայի` տոպրակից կարված մարզաշապիկը, որը հայտնվել էր սոցիալական ցանցերում, մեծ իրարանցում էր առաջացրել ամբողջ աշխարհում։ Լիոնել Մեսսին, իմանալով իր փոքրիկ հավատարիմ երկրպագուի մասին, այնքան էր հուզվել այդ պատմությունից, որ տղային ֆուտբոլի 2 գնդակ և 2 մարզաշապիկ էր ուղարկել։ ԶԼՄ-ներում հրապարակել էին հավատարիմ երկրպագուի և նրա ընտանիքի հետ հարցազրույցը, հետո բոլորին հրավիրել Քաբուլ, որտեղ Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել էր կազմակերպել Մեսսիի և տղայի հանդիպումը։

«Երբ տեսա, թե ինչպես է Մեսսին գրկում տղայիս և նրա ձեռքը բռնած դաշտ դուրս գալիս, ես արտասվեցի», — պատմել է Մուրթազայի հայրը։

Սակայն փոքրիկ «Մեսսիի» փառքը տխուր կողմեր ունի. ֆուտբոլի աստղի հետ հանդիպումից հետո նրանց ընտանիքը սկսել է սպառնալիքներ ստանալ։

«Սպառնալիքների պատճառով մենք ստիպված էինք լքել Ջագուրին և թաքնվել Պակիստանում», — ասել է տղայի հայրը։

Բայց երկու տարի անց օտարության մեջ կյանքի բարդությունները ստիպել են ընտանիքին տուն վերադառնալ։ Հիմա Արեֆն ապրում է չորս որդիների և չորս դուստրերի հետ հայրենի գավառում, նրան միայն մի հանգամանք է անհանգստացնում. երեխաները չեն կարողանում դպրոց գնալ։ Իսկ փոքրիկ «Մեսսին» շարունակում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալ։ Նա երազում է օրերից մի օր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ և հանդես գալ Աֆղանստանի ֆուտբոլի հավաքականի կազմում։