ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Վրաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը ծխող է, ամեն տարի այնտեղ ծխելու հետևանքով մահանում է 11 հազար մարդ, ինչը կազմում է մահվան ցուցանիշի 20 տոկոսը։ Չորեքշաբթի Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Թբիլիսի-Բիշքեկ-Քիշնև տեսակապի ժամանակ ասաց «Ծխախոտի վերահսկողության դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ Գեորգի Բախտուրիձեն։
Նրա խոսքով` նույնիսկ նման թվերի դեպքում Վրաստանում չեն պայքարում հենց ծխելու դեմ, միջոցներ են ձեռնարկում նիկոտինային լուրջ կախվածության դեմ։
Տեսակապի ժամանակ թյուրիմացություն եղավ։ Երևանյան խոսնակը` «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն իր հերթին գործընկերոջը պատմեց այն միջոցների մասին, որոնք ձեռնարկում են Հայաստանի իշխանությունը ծխելու դեմ պայքարի շրջանակում։ Մասնավորապես, նա նշեց «իշխանության դրակոնյան մեթոդները»։ Բախտուրիձեն ճիշտ չհասկացավ Չիլինգարյանի ասածը։
«Ինձ դուր չի եկավ, թե դուք ինչպես արտահայտվեցիք օրենքի մասին և այն անվանեցիք «դրակոնյան»։ Հուսով եմ, որ Հայաստանում քաղաքական կամքն ուղղված կլինի հասարակության առողջության պահպանմանը, այլ ոչ թե ծխախոտի արտադրության շահերի պաշտպանությանը», — ասաց Բախտուրիձեն։
Պատասխանելով Վրաստանի խոսնակին` Չիլինգարյանը նշեց, որ անձամբ չի ծխում և դեմ է այդ վնասակար սովորույթին, իսկ «դրակոնյան» անվանում են ոչ թե ծխախոտ օգտագործելու դեմ պայքարը, այլ մեթոդները, որոնք կիրառում է Հայաստանի իշխանությունը։
««Դրակոնյան» ասելով ենթադրվում է այն մեթոդը, որով իշխանությունները ցանկանում են պայքարել ծխելու դեմ։ Սահմանվել է 100-1500 դոլար տուգանք։ Իշխանությունն ուզում է ներմուծել օրենք, բայց միաժամանակ օգնություն չցուցաբերել ծխողին կախվածության դեմ պայքարում», — ասաց Չիլինգարյանը։
Նրա խոսքով` ծխողներին պետք է մոտիվացնել, որպեսզի նրանք թողնեն ծխելը, այլ ոչ թե օրենքներ ընդունեն, ինչպես արվում է Հայաստանում։
Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը Հայաստանում խոշոր տուգանքներ է նախատեսում հասարակական վայրերում ծխելու համար։
Արգելվում է սիգարետի վաճառքը, ծխելը հիվանդանոցների, պոլիկլինիկաների, սրճարանների, ռեստորանների տարածքներում, վերելակում և այլն, ինչպես նաև մանկապարտեզներից, դպրոցներից և բուհերից 100 մետր հեռավորության վրա։ Նշված վայրերում սիգարետ վաճառելու համար նախատեսվում է 500 հազար դրամ տուգանք, իսկ ծխելու համար` 200 հազար դրամ։