ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՆՏՎ-ի և Sputnik-ի «Ты супер!» միջազգային մանկական երգի մրցույթը փոխել է ոչ միայն երեխաների կյանքը, այլ նաև Sputnik միջազգային գործակալության գործունեությունը, կարծում է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր խմբագրի տեղակալ, ԱՊՀ-ում, Վրաստանում և Բալթյան երկրներում Sputnik-ի միջազգային կենտրոնների տնօրինության տնօրեն Անդրեյ Բլագոդիրենկոն։
«Նախագծի նպատակն է փոխել մասնակիցների կյանքը, և այդ խնդիրն արդեն լուծված է։ Փոխվել է նաև մեր Sputnik գործակալության կյանքը», — ասաց Բլագոդիրենկոն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Մինսկ-Սուխում-Երևան տեսակապի ժամանակ։
Նրա խոսքով` նոր եթերաշրջանից հետո զգալիորեն հեշտացել է երգի մրցույթի երկրորդ փուլի համար երեխաներ որոնելն ու ընտրելը։ Հաղորդումը և մրցույթը ճանաչելի են դարձել տարբեր երկրներում։ Մանկատների ղեկավարները, երեխաներին որդեգրած ծնողները զանգահարում են Sputnik գործակալություն և մասնակիցների առաջարկում։
«Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են մրցույթի մասնակիցների ընտրությամբ, չեն մոռանում երեխաներին։ Մենք ձգտում ենք նախագծի մասնակիցներին ընդգրկել խմբագրական աշխատանքի մեջ», — ասաց Բլագոդիրենկոն։
Օրինակ` «Ты супер!» շոուի հայ մասնակից, վանաձորցի Սաբինա Մանվելյանը դարձել է Sputnik ռադիոկայանի հաղորդավար։ Sputnik միջազգային լրատվական գործակալությունը և ռադիոն գործարկել են երաժշտական ռադիոհաղորդումների շարք, որոնց հաղորդավար է դարձել Սաբինա Մանվելյանը։ Երաժշտական ծրագիրը թողարկվում է աուդիոձայնագրության ձևաչափով, որի շրջանակում Սաբինան ռադիոլսողներին ներկայացնում է երաժշտության պատմության մեջ ամենահայտնի հիթերը` պատմելով դրանց ստեղծման մասին, հետաքրքիր փաստերը համեմելով իր մեկնաբանություններով։
«Ուրախ եմ, որ ես ինձ ավելի լավ կողմից տեսնելու հնարավորություն ունեցա։ Ուրախ եմ, որ ինձ առաջարկեցին ռադիոհաղորդավար դառնալ ։ Ինձ համար բարդ էր, սկզբից վախենում էի, բայց ինձ օգնեցին պրոֆեսիոնալները, հուսով եմ, որ արդարացրել եմ վստահությունը», — ասաց Սաբինան։
«Ты супер!» միջազգային մրցույթի նոր եթերաշրջանը կմեկնարկի փետրվարի 10-ին ՆՏՎ հեռուստաալիքի եթերում։ Այս տարի մասնակցում են 83 երեխաներ 13 երկրներից, այդ թվում` Գերմանիայից և Սիրիայից։
Ինչպես և անցած տարի, հաղորդավարը կլինի Վադիմ Տակմենևը, իսկ աստղային ժյուրիի կազմում կընդգրկվեն ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, ռուս հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, ռուսական էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։
«Ты супер!»-ի երկրորդ եթերաշրջանում Հայաստանը կներկայացնի Սաթենիկ Գևորգյանը Վանաձորից։