Ավազակային հարձակում, սպանություն և գողություն. Մոսկվայում դատում են ՀՀ քաղաքացու

Մեղադրյալներն իրենց ծանոթին հրավիրել են «ռազբորկայի» և հանդիպման ընթացքում սպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 35–ամյա ՀՀ քաղաքացին` 2 ռուսի հետ միասին, մեղադրվում են ավազակային հարձակման, կողոպուտի և սպանության համար, հաղորդում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը։ Գործը մեղադրականով դատարան է ուղարկվել այս շաբաթ։

Ադրբեջանցի վարձու մարդասպանին դատում են. նա արդեն բանտում է հայի սպանության համար

Նախաքննության տվյալներով` ՀՀ քաղաքացին` 2 ՌԴ քաղաքացիների հետ միասին` 40 և 24 տարեկան, 2015 թ.–ի մարտի 12–ից 18–ը ընկած ժամանակահատվածում խարդախությամբ և վստահության չարաշահմամբ մոսկվացի գործարարից 1,7 միլիոն ամերիկյան դոլար են գողացել։

Բացի այդ, մեղադրյալներից երկուսը նախօրոք իրենց հետ ունենալով երկու միավոր զենք, իրենց ծանոթի հետ պայմանավորվել են գնալ հանդիպման ու քննարկման: Հանդիպումը կայացել է 2016 թ.–ի հուլիսի 11-ին։ Կարճատև խոսակցությունից հետո բենզալցակայանի աշխատողների ու հավաքված մարդկանց ներկայությամբ մեղադրյալները առնվազն 28 կրակոց են արձակել:

Կրծքավանդակում ստացած հրազենային վիրավորումից «հակառակորդը» տեղում մահացել է։ Եվս 2 մարդ վիրավորում են ստացել։

Բոլոր երեք մեղադրյալները կալանավորված են, գործն ուղարկվել է դատարան։