Միհրան Հարությունյան. «Ես կարող եմ մրցագորգ վերադառնալ»

Հայտնի ըմբիշը չի պատրաստվում լքել ըմբշամարտը՝ իր առջև նպատակ դնելով հանդես գալ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դադար է վերցրել, որպեսզի ուժերը փորձի խառը մենամարտերում: Մինչ այդ Հարությունյանը հետվիրահատական վերականգնման փուլում էր՝ հին, չապաքինված վնասվածքը կտրուկ միջամտություն էր պահանջում: Այս պահին մարզիկն իրեն լավ է զգում, իսկ ապագայում պատրաստվում է վերսկսել մարզումները մրցագորգում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ես կարող եմ մրցագորգ վերադառնալ, քանի որ լավ մարզավիճակում եմ: Սակայն պայմանագիր ունեմ խառը մենամարտերում հանդես գալու համար և պետք է պատրաստվեմ մենամարտին: Ինչ վերաբերում է հնարավոր քաշային կարգին, եթե ոչ 77, ապա՝ 67: 72 կգ քաշային կարգը բացառված է, քանի որ օլիմպիական չէ»,-ասել է նա:

Անվանի մարզիկը մի քանի օրով Հայաստան եկել էր անձնական գործերով: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ըմբշամարտի համակարգող և Հայաստանում Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը ՀԱՕԿ լրատվականին ասել է, որ Միհրանը մտադիր է ըմբշամարտի մարզադպրոց հիմնել Արցախում: Նա այդ հարցով ավելի վաղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Մարզադպրոցի համար շենք է հատկացվել: Հիմա մնում է սկսել նորոգման և կահավորման աշխատանքները: