Ռուսաստանն ուզում է ընդլայնել դիտորդների առաքելությունը ղարաբաղյան հակամարտության գոտում

Որոշ մանրամասներ համաձայնեցված չեն, դեռ պետք է քննարկվեն, բայց Հայաստանն ու Ադրբեջանը տվել են իրենց սկզբունքային համաձայնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ռուսաստանը կողմ է, որ ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածությունը նվազի, չորեքշաբթի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա` այդ նպատակով Մոսկվան ջանքեր է գործադրում Արցախում ԵԱՀԿ առաքելությունն ընդլայնելու համար։

«Ռուսաստանը ջանքեր է գործադրում` ուղղված հակամարտության գոտում դիտորդների առաքելության ընդլայնմանը», — ասել է նա։

Ինչպես նշել է Զախարովան, Ադրբեջանն ու Հայաստանը արտգործնախարարների մակարդակով հունվարի 18-ին տվել են իրենց սկզբունքային համաձայնությունը դիտորդների առաքելությունն ընդլայնելու համար։ Դա տեղի է ունեցել լեհական Կրակովում, որտեղ երկու երկրների ԱԳՆ ղեկավարները հանդիպել են համանախագահների հետ։

«Մնացել են տեխնիկական որոշ դետալներ, դրանք դեռ պետք է համաձայնեցնել կողմերի հետ, նախքան ընդլայնման մեխանիզմը գործարկելը», — ասել է Զախարովան։

Ինչպես նշել է Զախարովան, նաև այդ նկատառումներից ելնելով` փետրվարի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան` կարգավորման խնդրահարույց կետերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումը պարզելու համար։