«Մենք՝ հայերս, դատապարտված ենք իմանալու երեք լեզու». Կարեն Կարապետյան

Վարչապետը վստահեցնում է, որ մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Կարեն Կարապետյանի մաթեմատիկան. երեք կետ, որոնց վրա լողում է հայկական տնտեսությունը

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ նախարարության գործունեությունն ուղղված է եղել կրթության որակի և մատչելիության բարելավմանը` համակարգի բովանդակային և մեթոդների արդիականացման, իրավական դաշտի ամրապնդման ու կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը:

«Ամենակարևորն այն էր, որ այս տարվա ընթացքում մեզ հաջողվեց և հայեցակարգային, և կոնկրետ գործողությունների տեսքով քարտեզագրել մեր ամբողջ փաթեթը: Մինչև 2030 թվականի մեր գործողությունների ծրագիրն ունի հայեցակարգային մաս, բայց ավելի կարևոր է երկրորդ հավելվածը, որով փորձեցինք յուրաքանչյուր խնդրի մասով իրականացնել ժամանակացուցային քարտեզագրում, և անելիքները բաշխել գոնե առաջիկա 2-3 տարվա ժամանակահատվածում»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Այդ առումով կարևորվել է Կրթության ազգային ինստիտուտի դերը, որի գործունեությունն ուղղված է լինելու բարեփոխումների մշակմանն ու մասնագիտական տեսանկյունից կրթության զարգացման ուղղությունների ներկայացմանը:

«Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է, որպեսզի մեր քաղաքացին սովորական դպրոցում կարողանա ստանալ լավ կրթություն: Համակարգին մոտիվացնելու համար մենք պետք է ունենանք լավ դպրոցների օրինակներ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ դրանք կարող են դառնալ դպրոցական ընդհանուր համակարգի զարգացման «լոկոմոտիվը»: Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում:

Տեղեկացվել է, որ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան, պիլոտային ծրագրով արդեն իսկ տարբեր համայնքներում հիմնվել են օտար լեզուների ուղղվածությայմբ խորացված դպրոցներ:

«Մենք՝ հայերս, դատապարտված ենք իմանալու երեք լեզու: Եթե մենք երեք լեզու չիմանանք՝ ժամանակակից չենք լինելու, մենք փիլիսոփայության, ֆիզիկայի գրքերը չենք կարողանալու թարգմանել հայերեն, իսկ այսօր յուրաքանչյուր օր տեղի են ունենում փոփոխություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով մշակել օտար լեզուների դասավանդման մեթոդոլոգիայի նոր համակարգ:

Վարչապետը կարևորել է նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը և հորդորել այդ ուղղությամբ լինել խիստ հետևողական: