Ամենահարուստ «հայը». Վաշինգտոնը ՀՀ քաղաքացիություն է «տվել» ռուսաստանցի միլիարդատիրոջը

Հայաստանի ամենահարուստ քաղաքացի կարող էր դառնալ Լենինականում (այժմ` Գյումրի) ծնված Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` միլիարդատեր Գենադի Տիմչենկոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի միլիարդատեր Գենադի Տիմչենկոյի քաղաքացիության հարցը քննարկման թեմա է դարձել հայ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջում։ Պատճառը նրա գրառումն է։

«ՀՀ ամենահարուստ քաղաքացին 14 մլրդ կարողություն ունեցող, ծնունդով լենինականցի Գենադի Տիմչենկոն է», — գրել է Սարգսյանը։

Ռուսաստանի գրեթե բոլոր ղեկավարներին ներառել են ԱՄՆ–ի «կրեմլյան ցուցակում»

Սարգսյանն ու նրա գրառումը մեկնաբանող օգտատերերը Վիքիպեդիայի անգլիական տարբերակում տեսել են, որ Տիմչենկոյի անվան տակ միաժամանակ երեք երկրի քաղաքացիություն է նշված` Ռուսաստան, Ֆինլանդիա և Հայաստան։ Վիքիպեդիան վկայաբերում է ԱՄՆ ֆինանսների նախարարության` 2014 թվականի մարտի 20-ի ցուցակը, որը կազմվել էր Ղրիմի պատճառով Մոսկվայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար։

Գործարարն իր հարցազրույցներում բազմաթիվ անգամ ասել է, որ Ֆինլանդիայում տասը տարի ապրելուց հետո քաղաքացիություն է ստացել։ Նա, տարբեր տվյալների համաձայն, այդ երկրի ամենահարուստ քաղաքացին է։

Միաժամանակ Տիմչենկոյի անունը չկա Հայաստանի ընտրողների ռեգիստրում և իրավապահ մարմինների տվյալների բազայում։

Sputnik Արմենիան պարզաբանում ստանալու համար դիմեց Volga Group-ի (Մասնավոր ներդրումային խումբ, որը միավորում է ձեռնարկատեր Գենադի Տիմչենկոյի ակտիվները) հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Անտոն Կուրևինին։

«Սխալ տեղեկություն է։ Պարոն Տիմչենկոն ծնվել է Գյումրիում։ Գուցե հենց այդ է սխալի պատճառը», — ասաց Կուրևինը։

Forbes-ի տվյալներով` Տիմչենկոն չորրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։ Նրա ունեցվածքը 16 մլրդ դոլար է գնահատվում։ Տիմչենկոյին են պատկանում «Նովատէկ», «Սիբուրա», «Ստրոյտրանսգազ», «Ստրոյտրանսնեֆտեգազ», «Տրանսօյլ» ընկերությունների բաժնետոմսերի փաթեթները։

Տիմչենկոն ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 9-ին Լենինականում զինվորականի ընտանիքում։ 1959 թվականին հորը տեղափոխել են ծառայելու ԳԴՀ, այնտեղ էլ Տիմչենկոն դպրոց է գնացել։ Գերմանիայում ապրել են մինչև 1965 թվականը, այնուհետև տեղափոխվել են Ուկրաինա։ 1970 թվականին ընդունվել է Լենինգրադի ռազմական մեխանիկայի ինստիտուտ և ստացել ինժեներ-էլեկտրամեխանիկի մասնագիտություն։