Հայ և ադրբեջանցի զինվորականները սար բարձրանալ են սովորում Վրաստանում

Հայ զինծառայողները հմտություններ են մշակում լեռներում` Գուդաուրիում գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի լեռնային նախապատրաստության Սաչխերիի դպրոցի ձմեռային բազային դասընթացի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի, Լիտվայի, Լեհաստանի 13 զինծառայողները ձմեռային դասընթաց են անցնում Գուդաուրիում գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի լեռնային նախապատրաստության Սաչխերիի դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (NATO Partnership for Peace — PfP) ծրագրի շրջանակում, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի, Լիտվայի, Լեհաստանի և Ադրբեջանի զինծառայողների հետ վրացի զինվորականները կատարելագործում են Գուդաուրիում լեռնային պայմաններում և ձնածածկույթի վրա տեղաշարժվելու տեխնիկան։ Նրանք մշակում են դահուկ քշելու, ապաստան պատրաստելու, ձնահոսքի հետևանքով տուժած մարդկանց որոնելու, ինչպես նաև նրանց տարհանելու վարպետությունը, «Իգլու» ձնե տանը գիշերելու վարպետությունը», — նշված է հաղորդագրությունում։

Նախապատրաստումից հետո զինծառայողները կանցնեն թեստավորում, որը հաջող հանձնելուց հետո կստանան հավաստագրեր, կրծքանշաններ, երաշխավորագրեր, ինչպես նաև կմասնակցեն միջանկյալ ձմեռային դասընթացին։

Բազային ձմեռային դասընթացը մեկնարկել է հունվարի 29-ին և կավարտվի փետրվարի 2-ին։ Հայ զինծառայողներն ամեն տարի մասնակցում են այդ դասընթացներին Հայաստանի և Վրաստանի ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության մասին ամեն տարի նորացվող համաձայնագրի շրջանակում։

Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լևան Իզորիան 2016թ-ի դեկտեմբերին Թբիլիսիում կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում։