Ջիգարխանյանն ազատ է. դատարանը հաստատել է արտիստի ու Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը

Այնուամենայնիվ, Վիտալինան մտադիր է շարունակել պահանջել, որպեսզի ապահարզանն անօրինական ճանաչվի. նա ցանկանում է հանդիպել նախկին ամուսնու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատարանն այսօր հաստատել է դերասան ու ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Որոշումը բողոքարկել էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները:

Ջիգարխանյանը մինչև կոկորդը խրվել է դատական քաշքշուկի մեջ. Վիտալինան չի նահանջում

Նախկին կնոջ փաստաբան Լարիսա Շիրոկովան նշել է, որ նրա վստահորդը ուզում է անձամբ հանդիպել ու խոսել Ջիգարխանյանի հետ։

«Մենք շարունակելու ենք ամուսինների համար առերես հանդիպում պահանջել։ Նրանք մեկ մուտքում են ապրում, սակայն հիմա միայն համացանցով են շփվում», – ասաց փաստաբանը։

Ռեժիսորի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել է, որ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան ի սկզբանե դեմ չէր ամուսնալուծությանը։ Անհասկանալի է` ինչն է ստիպել նրան մտափոխվել։

Իրավիճակի մանրամասները հայտնի չեն, գործընթացը փակ դռների հետևում է անցել։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։