«Ես նրա համար ամեն ինչ էի, նա էլ օգտվում էր դրանից». Վիտալինան` Ջիգարխանյանի մասին

Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան հավատում է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հետ կապված աղմկահարույց պատմությունից հնարավոր է արժանապատվորեն դուրս գալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, չի հասկանում` ինչու արտիստը մինչև հիմա չի համարձակվել հանդիպել նրա հետ։ Այս մասին Վիտալինան ասել է «Թող խոսեն» («Пусть говорят») հաղորդաշարի ժամանակ։

«Ես ուզում եմ, որ այդ պատմությունը Ջիգարխանյանի համար արժանի ավարտ ունենա։ Ցավում եմ, որ նա այսպիսի իրավիճակ սադրեց, ու այն հրապարակային դարձավ, դուրս եկավ կիրթ հարաբերությունների սահմանից», — ասել է Վիտալինան։

Նա չի հասկանում` ինչու համատեղ կյանքի ընթացքում նախկին ամուսինը ոչ մի անգամ չի բողոքել որևէ բանից։

Նա մեղադրում է լրատվամիջոցներին ու մտերիմներին, որ ամեն ինչ այսքան ձգձգվեց։ Վիտալինան խոստովանել է, որ դերասանին գրանցումից չի հանել ու ամեն օր տանը սպասում է նրան։ Կինն ուզում է, որ Ջիգարխանյանը բացատրի` կոնկրետ որ հարցում է մեղավոր։

Ջիգարխանյանն ազատ է. դատարանը հաստատել է արտիստի ու Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը

«Ես կյանքս առանց Արմեն Բորիսովիչի չեմ կառուցել։ Ես նրան սիրել եմ, արդյո՞ք նա էլ ինձ է սիրել, դժվարանում եմ պատասխանել», — ասել է Վիտալինան։

Նա խոստովանել է, ու առաջին հայացքից է սիրահարվել, բայց դերասանն ավելի շատ նրա կարիքն է ունեցել, քան սիրել է։ Ֆիզիկապես դժվարացել է որոշ բաներ անել, այդ ժամանակ Վիտալինան նրա «ձեռքի տակ» է եղել ու, հնարավոր է, Ջիգարխանյանն օգտագործել է կնոջը։

«Երբ մեր սիրավեպը սկսվեց, ես 21 տարեկան էի, հիմա` 39։ Ուզում եմ հասկանալ` որն է իմ շահը ու չեմ կարողանում։ Ես պատրաստ էի շարունակել նրա հետ ապրել ու երկարացնում էի նրա կյանքը։ Եթե ես չլինեի, Արմեն Բորիսովիչն արդեն վաղուց մահացած կլիներ», — ասել է Վիտալինան։

Ջիգարխանյանը ծանր հիվանդ էր ու խնամքի կարիք ուներ։ Վիտալինան նրա համար եղել է և՛ բուժքույր, և՛ վարորդ, և՛ քարտուղար, և՛ թատրոնի տնօրեն։ Նրա կարծիքով` այդպիսի բաները կարելի է միայն սիրելով անել։

«Քանի նա ողջ է, ես նրա համար պատասխանատվություն եմ կրելու», — ասել է Ջիգարխանյանի նախկին կինը։

Վիտալինան պատմել է նաև, որ ինքն է վերանորոգել բնակարանը` ամուսնու կարիքներից ելնելով, բայց հիմա ստիպված է ինքնուրույն վճարել պարտքերը։

Կինը խոստովանել է, որ ստիպված է եղել հրաժարվել սեփական կարիերայից` դերասանին խնամելու համար։ Հիմա նա մնացել է առանց ամուսնու ու առանց աշխատանքի։ Վիտալինան ասել է, որ չի պայքարելու թատրոնի համար, իսկ հարաբերությունները վերականգնելու համար պետք է երկուսն էլ շահագրգռված լինեն։

Ժողովրդական արտիստի հետ կապված աղմկահարույց պատմությունը ծագել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Սկզբում լուրեր պտտվեցին, թե անհայտ անձինք Ջիգարխանյանին առևանգել են, հետո պարզվեց, որ նա հիվանդանոցում է։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։