Պատահաբար է կրակել. Արագածոտնում որսն ավարտվել է հիվանդանոցով

«Նիգավանի աղբանոց» կոչվող տարածքում հնչած կրակոցից հետո 33 տարեկան տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հունվարի 29-ին, ժամը 2.45-ին հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի առաջնային կողմնային մակերեսի, ձախ աճուկային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Սմբատ Ա.-ն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սմբատ Ա.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, «Նիգավանի աղբանոց» կոչվող տարածքում 1980 թ. ծնված Վարդգես Գ.-ի հետ որսի ժամանակ։

Ինչպես նշված է ոստիկանության կայքում, Սմբատը վնասվածքը ստացել է Վարդգեսի «որսորդական հրազենից պատահաբար կրակվելու հետևանքով»:

Ժամը 3.00-ին Վարդգես Գ.-ն բերման է ենթարկվել բաժին և բացատրություն տվել:

Սմբատ Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Հրազենը վերցրել են: Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն: