ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Քիմ Քարդաշյանը Snapchat-ում աֆրիկյան ոճի մանր, երկար հյուսերով նոր լուսանկար էր տեղադրել, որի մեկնաբանության մեջ գրել էր՝ «Բո Դերեքի հյուսերը»՝ իրեն համեմատելով 1980-ականների հայտնի սպիտակամորթ դերասանուհի Բո Դերեքի հետ:
Բաժանորդներն ու երկրպագուները Քիմին մեղադրել են աֆրոամերիկյան մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ՝ ասելով, որ հեռուստաշոուների աստղը չի տարբերում աֆրոամերիկյան ոճով արված սանրվածքը և ընդհանրապես գաղափար չունի այդ մշակույթից՝ չնայած նրա երեք երեխաները սևամորթ են:
Քիմ Քարդաշյանի հրապարակումը մտահոգել է նաև հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանին: Նրան նույնպես դուր չի եկել, որ Քիմը աֆրիկյան հյուսերը վերագրել է սպիտակամորթ դերասանուհի Բո Դերեքին: Նա Քիմի արարքը մեկնաբանելով՝ գրել է, որ իր համար դա անընդունելի է, և որ նա դրանից հուսահատված է:
Լինդսիի գրառումից հետո Քիմը բավականին կտրուկ պատասխանել է նրան՝ դերասանուհու պորտը տեղը դնելով:
«Գիտե՞ս, թե ինչն է շատ զարմացնում՝ քո անսպասելի արտասահմանյան ակցենտը»,- գրել է Քիմը:
Հավանաբար նա նկատի ունի այն, որ 2016 թվականից հետո, երբ Լինդսի Լոհանը տեղափոխվեց Լոնդոն և սկսեց շրջագայել Եվրոպայով, նա միանգամից փոխեց իր ակցենտը: Այն ժամանակ Լոհանը լրագրողներին խոստովանել էր, որ միանգամից մի քանի լեզու է սովորում, այդ թվում՝ ռուսերեն և թուրքերեն: Հիմա էլ պոլիգլոտ դերասանուհու համար նոր լեզու սովորելու հեռանկար է բացվել, քանի որ նա, խուսափելով հարկերից, բնակվելու նպատակով տեղափոխվել է Դուբայ:
Քարդաշյանի գրառումը, որն արժանացել է օգտատերերի հավանությանը, դեռևս անպատասխան է մնացել: