Ինչո՞ւ են փորձել ձերբակալել Նիկոլ Փաշինյանին. ոստիկանության պարզաբանումը

Հայաստանի ոստիկանությունը պատասխանել է «Ելք» խմբակցության ղեկավարի ֆեյբսուքյան գրառմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն դեռ 2009 թվականին տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը` արձագանքելով «Ելք» խմբակցության ղեկավարի այսօրվա գրառմանը։

Նիկոլ Փաշինյանին փորձել են ձերբակալել

«Հայտնում ենք, որ 01.07.2009 թ-ին Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»,- նշված է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը: