«Մի գնա» երգի համաճարակը հասավ Եվա Ռիվասին. տեսանյութ

Երգչուհին ցուցադրել է նաև հայերենի իմացությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ երգչուհի, «Եվրատեսիլ 2010» մասնակից Եվա Ռիվասը երգել է «Մի գնա» երգը և տեսանյութ հրապարակել Instagram-ում։

Նրան հետաքրքրել է` ակցենտով է երգում, թե ոչ։

Ավելի վաղ սոցիալական կայքերը «պայթեցրել» էր «Մի գնա» հայտնի երգի տեսահոլովակի նոր տարբերակը, որը կատարում է ֆրանսիական ռեփ աստղ Մետր Գիմսը (Maître GIMS)։

Գիմսը ձայնագրել էր Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» երգի քավեր տարբերակը։ Երգիչը հայտնել էր, որ իր Sexion d"Assaut խումբը բեմ է վերադառնում։ Նա որոշել էր վերադարձը նշանավորել հայկական հայտնի երգի ռեմիքս տարբերակով։

Նոր տեսահոլովակը հրապարակվել էր Գիմսի YouTube-յան ալիքում։ Մի քանի ժամվա ընթացքում տեսահոլովակը տասնյակ հազարավոր մարդիկ էին դիտել։

«Մի գնա» երգը ձայնագրվել է անցած տարի։ Կատարումն առանձնանում է մուղամի ելևէջներով, ինչը մեծ պահանջարկ ունի թուրք ունկնդիրների ու փոփ-կատարողների շրջանում։