Հայաստանի վարչապետը նաև իր անձնական բիզնեսի խնդիրներով է զբաղվել Դավոսում

«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է ՀՀ վարչապետի դավոսյան այցին` նշելով, որ այդ թեման շարունակում է քննարկման առարկա մնալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Վարչապետը Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, հասցրել է հանդիպել մի շարք պետությունների իր պաշտոնակիցների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր աղբյուրների պնդմամբ` Կարեն Կարապետյանը Շվեյցարիա այցի ժամանակ զբաղվել է նաև իր անձնական բիզնեսի խնդիրներով:

«Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանի ընտանիքը թանկարժեք ժամացույցների արտադրությամբ է զբաղվում, որի մեխանիզմները հիմնականում ներկրվում են հենց Շվեյցարիայից, իսկ Հայաստանում զբաղվում են դրանց հավաքմամբ: Խոսքը «Կրբեդանց» ՓԲԸ-ի մասին է, որը մաս է կազմում Շվեյցարիայում գրանցված և տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanz բրենդի»,- գրում է թերթը:

Ընկերության անվանումը վերցված է Կարապետյանների ազգանվան՝ ղարաբաղյան արտասանության տարբերակից: