Բրունո Մարսի «That's What I Like»-ը՝ «Գրեմմի» լավագույն երգ. իսկ Մանսուրյա՞նն ու Օրբելյա՞նը

«Գրեմմի» մրցանակաբաշխությանը ներկայացված հայ երաժիշտները մրցանակներ չեն շահել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հունվարի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը:

Ի դեպ, 2003թ.-ից ի վեր սա առաջին դեպքն էր, որ «Գրեմմին» Լոս Անջելեսում չի անցկացվել, գրում է billboard.com-ը։

«Լավագույն ալբոմ», «Լավագույն ձայնագրություն» և «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգերում հաղթել է Բրունո Մարսը («24K Magic»): Ի դեպ, Բրունո Մարսը հաղթել է նաև «Լավագույն երգ» անվանակարգում («That's What I Like»):

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գրեմմի հավակնորդների թվում եղել են նաև հայ երաժիշտներ: Ցավոք, նրանք մրցանակի չեն արժանացել:

«Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում ներկայացված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ «Ռեքվիեմ» ստեղծագործությամբ: Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջենիֆեր Հիգդոնը («Viola Concerto»):

«Լավագույն դասական սոլո վոկալային ալբոմ» անվանակարգում ներկայացված էին Դմիտրի Խվորոստովսկին ու Կոնստանտին Օրբելյանը (Sviridov: Russia Cast Adrift): Այս անվանակարգում էլ հաղթել է Բարբարա Հանիգանը (Crazy Girl Crazy — Music By Gershwin, Berg & Berio):