Նալբանդյան. «Ռուսաստանի հետ դաշնակցությունն օգնում է Հայաստանին հավասարակշռություն պահպանել»

Ռուսաստանը պարտավորվել է ապահովել Հայաստանի անվտանգությունը և ժամանակակից սպառազինության հասանելիություն տալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Ռուսաստանի հետ դաշնակից հարաբերություններն օգնում են Հայաստանին տարածաշրջանում հավասարակշռություն ապահովել, երկուշաբթի կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նալբանդյանը` Լավրովի ասածի մասին. «Փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում»

Ի պատասխան Բաքվի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին (Բաքուն հայտարարել էր, որ շուտով Ադրբեջան է հասնելու ռուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը), Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ՌԴ-ից սպառազինություն է գնում ավելի մատչելի գներով։

Նախարարը նաև հիշեցրեց 2010 թվականին ՌԴ-ի և ՀՀ-ի ստորագրած պայմանագիրը, որի համաձայն` Ռուսաստանը ստանձնել է Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործառույթը (ՀՀ ԶՈՒ-ի հետ)։ Բացի այդ նշված համաձայնագրի դրույթների շրջանակում Ռուսաստանը պարտավորվել է ժամանակակից սպառազինության հասանելիություն տրամադրել Հայաստանին, և այդ դրույթները կատարվում են։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսին Հայաստանը Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկ է ստացել սպառազինություն գնելու համար։ Այս վարկային գծով մատակարարումն ավարտվել է 2017 թվականի վերջին։ Հենց այդ ժամանակ էլ` դեկտեմբերին, Հայաստանի խորհրդարանը 100 մլն դոլարի նոր վարկ վավերացրեց։