Երևանցի «դարի կողոպտիչին» մահացած են գտել գերեզմանատանը

Վանաձորի վարկային կազմակերպությունից գումար և ոսկյա զարդեր հափշտակելու գործով հետախուզման մեջ գտնվող տղամարդուն գտել են գերեզմանատանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու 48-ամյա տղամարդու մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ո՞վ և ե՞րբ է ծրագրել վարկային կազմակերպության գողությունը Վանաձորում. մանրամասներ

2018թ. հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի թիվ 2-րդ գերեզմանատանը տղամարդու դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը. նա Երևանի բնակիչ Արսեն Գրիգորյանն է՝ ծնված 1970թ., ով 2018թ. հունվարի 8-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար՝ Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով:

Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը հունվարի 1-ին զանգել էր Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը պատուհանը բացել և մտել է «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպություն, հարմարեցված բանալիով բացել դրամապահոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։