Հայաստանն ու Ադրբեջանը կմրցեն «Եվրատեսիլում»

«Եվրատեսիլի» «բանալիների» խաղարկության ուղիղ հեռարձակումն ընթացել է մրցույթի պաշտոնական ալիքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Երկուշաբթի տեղի ունեցած վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչում։ «Եվրատեսիլի» «բանալիների» խաղարկության ուղիղ հեռարձակումն ընթացել է YouTube-ում մրցույթի ալիքով։

«Դեպի Եվրատեսիլ». սկանդալային հայ մասնակցի երգը լսում են Նեպալում

Առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մայիսի 8-ին, Հայաստանից բացի ելույթ կունենան Ավստրիայի, Ադրբեջանի, Ալբանիայի, Բելառուսի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Իսրայելի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Կիպրոսի, Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Շվեյցարիայի և Էստոնիայի ներկայացուցիչները, ընդամենը` 19 մասնակից։

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, որին կմասնակցեն 18 երկիր։ Մրցույթի եզրափակիչում հանդես կգան 26 մասնակից։

Նշենք, որ «Եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցը դեռ որոշված չէ։ Մրցույթին կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» ազգային ընտրական փուլի հաղթողը։

«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի ազգային ընտրական փուլն է, որին մասնակցում են 20 կատարողներ։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն 2018թ.-ի փետրվարի 3-ից։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։