Հետախույզ Վարդանով. «Բանակը պետք է կռվի. կհանգստանանք այն աշխարհում»

Պետք է այսպես լինի` մտնես զորամաս, եթե անշարժ զինվոր տեսնես, ուրեմն քնելու ժամն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ ԶՈւ-ի տեխնիկական լավ զինվածությունը գործի կեսն է, զինվորը պետք է մշտապես աշխատի իր վրա` բանակի հզորությունը բարձրացնելու համար, երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը։

Նրա խոսքով` բանակի տեխնիկական հագեցածության առումով առաջընթաց կա։ Վարդանովն օրինակ բերեց ադրբեջանական վերջին դիվերսիոն փորձը, որը ձախողվեց։ Ըստ նրա` մոնիտորինգի համակարգն ավելի հուսալի և արդյունավետ է դարձել, բայց այդքանը բավարար չէ։

Պողոսյան. «Մեր ամենաուժեղ կողմը միշտ եղել է «դուխը»»

«Մարտիկը պետք է զարգանա։ Պետք է այսպես լինի` մտնես զորամաս, եթե անշարժ զինվոր տեսնես, ուրեմն քնելու ժամն է։ Մյուս ժամանակահատվածում նրանք մշտապես պետք է բարձրացնեն իրենց ֆիզիկական պատրաստվածությունը։ Ցավոք, այսօր զինվորներին ու սպաներին հաճախ են թողնում հանգիստ մնալ», — կարծում է Վարդանովը։

Բանախոսը նշեց, որ «հանգստանալ կհասցնենք այն աշխարհում», այդ պատճառով էլ բանակը մշտապես պետք է լարվածության, մարզումների մեջ լինի, պետք է անդադար կռվի հակառակորդի հետ։

Բացի այդ, հետախույզը կարծում է, որ չի կարելի զինվորին դաստիարակել խաղաղասիրության մթնոլորտում։

«Եվրոպական բանակի զինվորները մշտապես մարզվում են, օրվա ընթացքում առավելագույնը 4-5 ժամ են քնում։ Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարո՞ղ։ Դրա համար մենք շատ լավ հրահանգիչներ ունենք», — նշեց նա։

Վարդանովի խոսքով` հայկական բանակն իր գոյության 26 տարիների ընթացքում ստանձնել է Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու հիմնական գործառույթը։ Նա հիշեցրեց, որ ոչ մի կազմակերպություն, պետական կամ այլ կառույց չի կարող ապահովել ժողովրդի անվտանգությունն առանց ԶՈւ-ի։

Հետևաբար, համոզված է հետախույզը, բանակը պետք է կատարելագործել և զարգացնել առանց դադարների։