Զինծառայողների մաշված համազգեստի ու անորակ կոշիկների հարցը լուծվեց

Զինծառայողները զորակոչվելիս երկու համազգեստ կստանան, բանակին մատակարարվող կոշիկներն էլ ավելի որակյալ են դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. «Դիտակետ» ծրագրի շրջանակում զորացրված զինծառայողների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տվել, որ զինծառայողների մեծ մասը ծառայության երկու տարվա ընթացքում 2-4 անգամ ստիպված է եղել համազգեստ գնել՝ չնայած որ ծառայության ընթացքում 4 անգամ նախարարությունից համազգեստ ստանում են: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հարցման արդյունքները ՀՀ նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը ներկայացրել է «Բրեվիս» սոցիոլոգիական ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը:

Ինչո՞վ է հայկական բանակը գերազանցում թուրքականին և ադրբեջանականին. բացատրում է փորձագետը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպմանը ներկա զորացրված զինծառայողներից ճշտել է՝ կա՞ն նրանց մեջ անձինք, ովքեր ծառայության ընթացքում համազգեստ են գնել: Պարզվել է, որ հանդիպմանը ներկա զինծառայողների գրեթե կեսը ծառայության ընթացքում համազգեստ գնել են: Զինծառայողները որպես հիմնական պատճառ նշել են, որ իրենք առաջին անգամ համազգեստ ստանալուց հետո երկրորդը ստիպված էին ստանալ 8 ամիս հետո, սակայն մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում համազգեստը մաշվում էր, գույնը կորցում, ուստի 8 ամիս չէին կարող սպասել և ստիպված մի քանի անգամ համազգեստ են գնել:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ արդեն մեկնարկած զորակոչից զինծառայողները, բացի այն համազգեստից, որով կզորակոչվեն, ստանում են նաև լրացուցիչ երկրորդ համազգեստը:

Այնուհետև Հովհաննես Գրիգորյանը, շարունակելով ներկայացնել հարցման արդյունքները, նշել է, որ զինծառայողների մեծ մասը նաև հայտնել է, որ ծառայության ընթացքում մի քանի անգամ ստիպված են եղել նաև զինվորական կոշիկ գնել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ թե՛ ինքը, թե՛ պաշտպանության նախարարը տեղյակ են, որ նախկինում զինվորական կոշիկներն այնքան էլ որակով չէին, սակայն պաշպանության նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել և բանակին ավելի որակյալ կոշիկներ են մատակարարվում: