ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. 37 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Կինոքննադատ Անդրեյ Պլախովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երիտասարդ ռեժիսորը հիվանդ էր։
«Նրան սպանեց քաղցկեղը։ Հնարավոր չէ հավատալ 37 տարեկան գեղեցիկ կնոջ մահվանը…»,- գրել է Պլախովը։
Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թ․ Երևանում, 90-ականների ծանր տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը, Վլադիմիր Կոբրինի արվեստանոցը: Նրա դիպլոմային աշխատանքը՝ կարճամետրաժ «Հրաժեշտ» ֆիլմը, հաղթել է «Ոսկե ծիրանի» լավագույն ուսանողական, դեբյուտային ֆիլմ անվանակարգում, ստացել է նաև «Կոդակ» ֆիրմայի մրցանակ ՎԳԻԿ-ի փառատոնում և «Սուրբ Աննա» փառատոնի դիպլոմ:
2006 թ․ էկրան բարձրացավ նրա առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Փարոսը», որում Մարիան աշխատել է այնպիսի երևելի արտիստների հետ, ինչպիսիք են Սոս Սարգսյանը և Սոֆիկո Չիաուրելին: Սա ֆիլմ էր պատերազմի մասին` առանց պատերազմի: Այն մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին «Հեռանկարներ» ծրագրում, իսկ երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս տարվա հոկտեմբերին Մարիա Սահակյանի հեղինակած «Ալավերդի» կինոնկարը մասնակցեց Լոնդոնի միջազգային փառատոնին:
Ավելի ուշ «Ալավերդի» կամ «Այդ ես չեմ» ֆիլմը արժանացավ «Հայակ» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Այդ ես չեմ»-ը արժանացավ նաև «Կինոշոկի» Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակին։