Նախկին պատգամավորի որդին կրակել է հորաքրոջ որդու վրա

Երիտասարդը ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ կրակել է հոր ատրճանակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 27-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 33-ամյա Ազատ Շահգելդյանը և ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հունվարի 13-ին Ձորաղբյուրում գտնվող իրենց հողատարածքում «ՏՏ» տեսակի ատրճանակով պատահաբար կրակել է ԶԱվեն Գրիգորյանի վրա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կրակոցի հետևանքով ձախ ոտքի հրազենային վնասվածք է ստացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Զավեն Գրիգորյանը:

Ըստ կայքի՝ Շահգելդյանը ոստիկաններին է ներկայացրել «ՏՏ» տեսակի ատրճանակը և հայտնել է, որ այն գտել է իրենց հողատարածքում՝ հաստաբուն ծառի փչակից՝ պոլիէթիլենային տոպրակում:

Շահգելդյանը հայտնել է, որ ատրճանակը պատկանել է հորը՝ Վրեժ Շահգելդյանին, որը առողջական խնդիրների պատճառով մահացել է 2017 թ.-ի հունիսի 3-ին: Այդ զենքը նա բերել է սահմանամերձ գոտուց և եղել է Ազգային ժողովի պատգամավոր:

Կայքի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացած Գրիգորյանը Ազատ Շահգելդյանի հորաքրոջ որդին է:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Շահգելդյանին ստորագրությամբ բաց են թողել: