ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Մենք առաջին հերթին երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Հայոց բանակի ստեղծման ակունքներում և նրանց, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը մեր անկախության և մեր հաղթական բանակի կերպարը կերտելու համար: Այս մասին նշված է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձում։
«Հայոց բանակի կազմավորումը տեղի է ունեցել մեր անկախ պետականության ամենածանր տարիներին՝ պարտադրված պատերազմի պայմաններում, և այսօր հպարտությամբ ենք նշում, որ մեր Զինված ուժերն էին Հայաստանի անկախության առաջին ու գլխավոր ձեռքբերումը»,- նշել է վարչապետը:
Կարապետյանի խոսքով` այսօր անհնար է գերագնահատել Հայոց բանակի դերն ու նշանակությունը:
«2016թ. ապրիլին, երբ հակառակորդի կողմից Արցախի նկատմամբ տեղի ունեցավ լայնածավալ ռազմական ագրեսիան, մեր բանակը կրկին ապացուցեց իր մարտունակությունը՝ ցույց տալով, որ միշտ պատրաստ է պատասխանել մեր հայրենիքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Այսօր մենք հպարտությամբ ենք հիշում այն քաջ տղաներին, ովքեր իրենց վրա վերցրեցին այդ հարվածը»,- ընդգծել է վարչապետը:
Կարապետյանը բոլոր զինծառայողներին մաղթել է առողջություն, երջանկություն և բարի ծառայություն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ. Սարգսյան