Վերքից արյուն է հոսել. երիտասարդին տեղափոխել են Գյումրու հիվանդանոց

Գյումրիում 27 տարեկան երիտասարդին այժմ հսկում են բժիշկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հունվարի 28-ին, ժամը 01։20-ի սահմանում «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել Ազատանի բնակիչ, 1991 թվականին ծնված Արման Մովսիսյանը: Նա բժշկական կենտրոն է տեղափոխվել «արնահոսող վերք՝ միջթիակային հատվածում» ախտորոշմամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին բուժկենտրոնից։

Հայտնի չէ` նրան դանակահարել են, թե ոչ։

«Դանակահարված լինելու փաստը դեռ հաստատված չէ: Եթե դանակահարված լիներ, մեր փաստաթղթերում պետք է գրված լիներ «սուր կտրած-ծակած վերքով», իսկ քանի որ դա դեռ պաշտոնապես փորձաքննությամբ չի հաստատվել, բժշկական կենտրոնը նման հայտարարություն չի կարող անել»,- նշեցին բժշկական կենտրոնից՝ հայտնելով, որ այս պահին հիվանդի վիճակը գնահատվում է բավարար՝ ստացիոնար բժշկական օգնության անհրաժեշտությամբ:

Հիվանդը համապատասխան բժշկական օգնություն է ստացել վերակենդանացման բաժանմունքում, ապա տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: