ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Վրացին և ադրբեջանցին ձերբակալվել են Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Մանհեյմ քաղաքում։ Այս մասին գրում է վրացական «Նովոստի Գրուզիա» գործակալությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ 43-ամյա կինը և 46-ամյա տղամարդը մեղադրվում են բազմաթիվ գողությունների մեջ։ Քննության տվյալներով՝ ձերբակալվածները հայտնի ապրանքանիշների հագուստ և օծանելիք են գողացել խանութներում։
Զույգը հինգ անգամ հայտնվել է նույն խանութում, որից ավելի քան 6,2 հազար եվրոյի իրեր է գողացել։ Բացի այդ, հանցակիցները կարողացել են օծանելիքի խանութից 660 եվրոյի ապրանք գողանալ։
Խանութում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են նրանց «արկածները»։
Իրավապահ մարմինները ձերբակալել են երկուսին հանցագործության վայրում։ Նրանց տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է գողացված իրերը։ Ներկա պահին մեղադրյալները կալանքի տակ են։