Զուգագուլպաներ աշխարհի կանանց համար. գյումրեցի երիտասարդը ներխուժել է նորաձևության երկիր

Մարսելում «Տարվա ամենաերիտասարդ գործարար» մրցանակին արժանացած հայ երիտասարդը հպարտանում է իր հայ լինելով և շատ է ուզում մտնել նաև հայաստանյան շուկա։
Sputnik

Sputnik Արմենիա, Արմենուհի Մխոյան.

Զուգագուլպաների, լողազգեստի և հագուստի համաշխարհային «Farell» ապրանքանիշի հիմնադիր Գոռ Հարոյանն օրեր առաջ Մարսելում արժանացել է «Տարվա ամենաերիտասարդ գործարար» մրցանակին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում, հայկական առևտրի պալատի 25-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում: Երիտասարդ գործարարն իր ծրագրերի մասին պատմել է Sputnik Արմենիային։

Հայերը կռվի թեմա են դարձել. Կանդելակին պարզել է` ինչու են հայերը հզոր վրացիներից

«Ամեն տարի նոր ծրագրեր ենք նախատեսում ու փորձում ենք դրանք կյանքի կոչել, այս տարին նույնպես բացառություն չէ: Հուսով եմ, որ 2018 թվականը բեկումնային կլինի մեր ապրանքանիշի համար: Հիմա ուսումնասիրություններ ենք կատարում նոր շուկաներ գտնելու ուղղությամբ: Շատ եմ ուզում, որ Հայաստանում ևս վաճառակետեր ունենանք, բայց կարծում եմ`առաջինը Երևանում կլինի. իմ հայրենի քաղաքում դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- Sputnik Արմենիային ասաց Գոռը՝ վստահեցնելով, որ «Տարվա ամենաերիտասարդ գործարար» կոչումն իր համար շատ ոգևորիչ ու հուզիչ է:

Երիտասարդ գործարարը նշեց, որ թեև Farell-ն անհատական պատվերով չի աշխատում, բայց այդ ապրանքանիշից օգտվում են հայտնի կանանցից շատերը։ Նա պարզապես չցանկացավ անուններ նշել։

Գոռը հպարտությամբ խոսեց նաև հայ լինելու մասին։

«Ֆրանսիայում բնակվելն ինձ ֆրանսիացի չի դարձնում. ես հայ եմ: Մենք նույնիսկ ֆրանսիական տոները չենք նշում, փոխարենը նշում ենք ավանդական հայկական տոները։ Այնպես, ինչպես դրանք կնշեինք հայրենիքում: Իսկ Հայաստան հաճախ եմ գալիս ու հատկապես իմ ծննդավայրում լինելու առիթը բաց չեմ թողնում»,- ասաց Գոռը:

Արմատները պահպանելու վառ ապացույցը Գոռի ամուսնությունն է. երիտասարդ գործարարը վերջերս ամուսնացավ գյումրեցի Անի Խաչատրյանի հետ:

Дизайнер Гор Ароян с женой Ани Хачатрян

Գոռը ծնվել ու մեծացել է Գյումրիում: Դպրոցն ավարտելուց հետո ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվել Ֆրանսիա: Քոլեջն ավարտելուց հետո բարձրագույն կրթությունը շարունակել է ու ստացել բիզնեսի կառավարում որակավորումը: Ուսումն ավարտելուց հետո Գոռն իր ընկերոջ հետ հիմնել է զուգագուլպաների ապրանքանիշը, որը կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերել Ֆրանսիայում: Հետագայում բացի զուգագուլպաներից, սկսել է նաև լողազգեստներ, աքսեսուարներ արտադրել ու ընդլայնվել. ապրանքանիշն արդեն մոտավորապես 300 վաճառակետ ունի ամբողջ աշխարհում: