Հրազդանի կիրճի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է «Յուվեցի Կարոյի» 33–ամյա փեսայի դին

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 27-ին, Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։  Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 1 համարի առաջին հարկի ննջասենյակում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նախնական տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։

Նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։