Թրամփին առաջարկել են դառնալ Հենրիխ Մխիթարյանի մարզիչը

Բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է «Արսենալի» 45 համարի խաղաշապիկ և նրան առաջարկել է դառնալ լոնդոնյան թիմի հաջորդ գլխավոր մարզիչը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկություն է ստացել գլխավորել լոնդոնյան «Արսենալ» ակումբը, որի կազմում վերջերս ընդգրկվել է հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

Թրամփին նման առաջարկություն է արել Բրիտանացի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը՝ նախագահի հետ հարցազրույցի ժամանակ, ինչի մասին նա հանրությանը տեղեկացրել է Twitter-ի իր էջում։

Մորգանի հրավերքի մեջ ակնհայտ է հեգնանքը, լրագրողը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարն այդպիսով ֆուտբոլիստներին «կօգներ պաշտպանական պատ կազմել» և կսովորեցներ ցանկացած գնով հաղթել։

Մխիթարյան. «Միշտ կհիշեմ «կարիճ» հարվածով իմ գոլը և «Whoa Մխիթարյան» երգը»

«Համաշխարհային էքսկլյուզիվ. այն պահը, երբ ես նախագահ Թրամփին հրավիրում եմ դառնալ «Արսենալի» նոր մարզիչը, քանի որ նա պաշտպանական ամուր պատ է կազմում, հարձակողական փիլիսոփայություն է դավանում և ձգտում է ցանկացած գնով մեծ տիտղոսներ նվաճել»,- գրել է Մորգանը՝ հավելելով, որ Դոնալդ Թրամփի պատասխանը հնարավոր կլինի լսել Մորգանի շոուի առաջիկա թողարկման ժամանակ:

Իր գրառման հետ լրագրողը նաև հրապարակել է հարցազրույցի ժամանակ Թրամփի հետ արված լուսանկարը, որում նա նախագահին «Արսենալի» 45 համարի մարզաշապիկն է նվիրում: