Նախագահը հայ զինվորին խոստացել է`պետությունը, ՊՆ–ն իրենց կողքին է լինելու

Լավագույն զինվորները տասնօրյա արձակուրդի հնարավորություն ստացան ՀՀ նախագահից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչո՞վ է հայկական բանակը գերազանցում թուրքականին և ադրբեջանականին. բացատրում է փորձագետը

Միջոցառման շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած պարտադիր ժամկետային զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով:

Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել թվով քսաներկու այդ զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Զինծառայողները Արարատյան թեմի կողմից պարգևատրվել են Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչ-զարդապատկերներով:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ:

«Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահարների բարեխոսն էր, իսկ բարեխոս լինել՝ նշանակում է լինել ընտանիք կազմելու օժանդակող: Հողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ ու տոկունությամբ: Սիրելի զինվորներ, ուզում եմ, որ դուք մշտապես գիտակցեք, որ մեր ժողովրդի հավերժության ճանապարհի ահա՛ այս հատվածում ձեզ է բախտ վիճակվել պաշտպանելու մեր սահմանները: Իրոք, դա բախտավորություն է, մեծ պատիվ է:

Համբուրեմ ու գնա. Հայաստանում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Եվ ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ՝ հազարավոր հայ զինվորների, ովքեր պատվով են կատարում իրենց պարտքը: Իհարկե, ես ծանոթացել եմ ձեր անձնական գործերին, գիտեմ, որ գերազանց ծառայողներ եք, ունեք պատվոգրեր, ունեք խրախուսանքներ, տեսնում եմ քաջարի մարտիկի ձեր կրծքանշանները: Ձեզ ուզում եմ բարի ծառայություն մաղթել: Ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ հազարավոր հայ զինվորներ վերադառնան տուն, ընտանիք կազմեն, որովհետև, իրոք, դուք արժանի եք և՛ լավ կյանքի, և՛ հարգանքի»,–ասել է հանրապետության ղեկավարը:

Սարգսյանը խոստացել է, որ պետությունը կանգնելու զինվորի կողքին: «Ձեզնից յուրաքանչյուրը ծառայությունից հետո հնարավորություն է ունենալու կրթություն ստանալու, մասնագիտություն սովորելու, և այս ամբողջ ճանապարհին պետությունը, պաշտպանության նախարարությունը ձեր կողքին է լինելու: Դուք եք, որ հինգ տարի, տասը տարի, տասնհինգ, քսան տարի հետո հայ զինվորին, հայ երիտասարդին պետք է ասեք, որ նրանց պարտականությունն է հայրենիք պաշտպանելը, մեր բոլորիս պարտականությունն է նրանց կողքին կանգնելը: Սա է իմ պատգամը ձեզ»,–ասել է ՀՀ նախագահը:

Երախտագիտություն հայտնելով զինծառայողների ծնողների ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը խնդրել է նրանց չլսեք տարբեր ասեկոսեներ: «Մեզնից յուրաքանչյուրն իր վարքագիծը պետք է կառուցի ոչ թե նայելով կողքինին, այլ իր մտածելակերպով, իր բարոյական կերպարին համապատասխան:

Ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր քաջարի զավակներն ունենան համապատասխան միջոցներ հայրենիքը պաշտպանելու, պաշտպանելու մեր սահմանները, պաշտպանելու մեր ընտանիքները, պաշտպանելու մեր պատիվը: Եվ համոզված եղեք գալու է ժամանակ, երբ դարձյալ կարիք է լինելու հայրենիքի պաշտպանի, բայց իրավիճակը բոլորովին այլ է լինելու:

Այն ժամանակ բոլորիս հպարտության աստիճանը լինելու է այնպիսին, որ հնարավորություն է տալու մեզ երջանիկ զգալ: Եվ ինչպես միշտ, սիրելի՛ զինվորներ, դուք կստանաք տասնօրյա արձակուրդ, որպեսզի շփվեք ձեր ծնողների, ձեր հարազատների, ինչո՞ւ չէ՝ ձեր սիրած աղջիկների հետ: Նոր ուժ, եռանդ կուտակեք, որպեսզի է՛լ ավելի լավ կարողանաք կատարել ձեր պարտականությունները»,–ասել է Սերժ Սարգսյանը: