ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik.Համերգային հոբելյանական երեկոն նվիրված է ոստիկանության գեներալ, հայտնի և սիրված երգերի հեղինակ, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակին:
Փետրվարի 2-ին Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված համերգի ժամանակ երգահանի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և բոլորովին նոր գործիքավորմամբ (երգիչներին կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
Համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև հայկական էստրադայի ներկայացուցիչներ Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Էդգար Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, «Արցախի ձայները», Հայաստանի երգի պետական թատրոնի մենակատարները։ Նրանց կատարմամբ Հեքիմյանի երգերը կներկայացվեն նոր մեկնաբանությամբ: