ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հունվարի 26-ի երեկոյան Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, լույս աշխարհ է բերել իր երրորդ զավակին, որին անվանել են սպանված 3 տարեկան Հասմիկի անունով:
Երեխան ու մայրը նորմալ վիճակում են: Երեխան ծնվել է բնական եղանակով՝ 3 կիլոգրամ 300 գրամ քաշով և 51 սմ հասակով: Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ Լուսինեի ամուսինը՝ Գոռը, ուրախությամբ նշեց, որ մոր և աղջկա վիճակը նորմալ է:
«Մեր երրորդ զավակն է: Նա Ավետիսյանների ժառանգն է՝ Հասմիկը: Մեր 3 տարեկան Հասմիկը զոհվեց 2015-ին: Ես՝ որպես փեսա, հայր ու հայ մարդ, իմ կնոջ ընտանիքի հիշատակը վառ պահելու համար եմ աղջկաս Հասմիկ կոչել: Նախապես էի որոշել՝ երեխան կրելու է Ավետիսյաններից մեկի անունը»,-նշեց Գոռը՝ հավելելով, որ իր հարազատները ևս ուրախությամբ են ընդունել այս որոշումը:
Նշենք, որ Լուսինեն և Գոռն ունեին մի դուստր և որդի: Հասմիկ անունը կրել է նաև Լուսինեի մայրը:
Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք էին տալիս, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայիթիվ N զորամասի զինծառայող ՎալերիՊերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Պերմյակովը նախ որպես ՌԴ ԶՈՒ ծառայող դատապարտվեց Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի և 222 հոդվածի առաջին կետի պահաջներով: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։
Սպանության մասին գործը հանձնվել էր հայկական կողմին և քննվում էր առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: