ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Երբ վարչապետն անձամբ սոցիալական ցանցում հրապարակեց ինքնաթիռի սրահից լուսանկարներ, աղմուկ բարձրացավ: Կառավարությունից էլ շտապեցին պարզաբանել, թե դա մասնավոր ինքնաթիռ է, որի վարձակալության համար ՀՀ պետական բյուջեից որևէ գումար չի հատկացվել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Թվում է՝ այսպես փորձել են Կարեն Կարապետյանին փրկել տհաճ իրավիճակից, որպեսզի կառավարության ղեկավարին չմեղադրեն պետական բյուջեի միջոցների հաշվին շռայլ ծախսեր անելու մեջ: Բայց արի ու տես, որ արդյունքում շատ ավելի վատ իրավիճակ է ստացվել. հիմա վարչապետին կարող են պաշտոնական դիրքի չարաշահման ու կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախվելու մեղադրանք ներկայացնել»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` պարզ է, որ այս ինքնաթիռի սեփականատերը մեծահարուստ է, որովհետև ամեն մարդ հնարավորություն չունի ունենալու նման փոխադրամիջոց:
«Ու կարելի է ենթադրել` այդ մեծահարուստն իր ինքնաթիռը ՀՀ վարչապետին է տրամադրել Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու արտոնություններ ստանալու ակնկալիքով: Համենայն դեպս, վարչապետին այսպես մատուցել են մեծ, շատ մեծ ծառայություն, որը հազիվ թե անեին, եթե գործ ունենային Կարեն Կարապետյան անձի, ոչ թե վարչապետի հետ»,- գրում է թերթը:
Հոդվածագիրը նշում է, որ հիմա այդ մեծ ծառայություն մատուցած անձը կարող է իրեն թույլ տալ ՀՀ վարչապետից որպես փոխհատուցում պահանջել ամենատարբեր բնույթի արտոնություններ:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` կառավարության լրատվական ծառայությունից պարզաբանել են. «Չենք կարծում, որ նման խնդիրներ ծագեն»: Բայց, դե, աշխարհի շատ երկրներում պաշտոնյաները հրաժարական են տվել այսպիսի դեպքերից հետո»: