ՌԱԴԻՈ

Մելիք-Շահնազարյան. «Նախագահը զգուշացրել է եվրապատգամավորներին»

ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահի ելույթի ազդակները վերլուծել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Sputnik Արմենիա ռադիոկայանի խնդրանքով փորձագետն առանձնացրել է Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր ուղղությունները:
Sputnik
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նախագահի ելույթը վերաբերում էր նաև բուն տարածաշրջանային անվտնգությանը սպառնացող խնդիրներին

Մելիք-Շահնազարյանի խոսքով` Հայաստանը մի շարք հարցերում ունի հստակ մտածված քաղաքականություն, և մի քանի տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ քաղաքականությունը ոչ միայն կենսունակ է, այլև ճշմարիտ:

Ըստ վերլուծաբանի` այս ամենը երկրի ղեկավարին թույլ է տալիս ցանկացած ամբիոնից հստակ և ուղիղ խոսել թե՛ մեր տարածաշրջանի սպառնալիքների, թե՛ դրանք չեզոքացնելու ջանքերի մասին:

«ԵԽԽՎ-ում պետք է խոսվեր մեր երկրի ստանձնած պարտավորությունների ու դրանց կատարման ընթացքի մասին, և այս առումով նախագահը շատ հանգիստ էր խոսում, քանի որ Հայաստանն իսկապես հետևողականորեն բարեփոխումներ է իրականացրել թե՛ սահմանադրական, թե՛ քաղաքական ոլորտներում: Բարեփոխումների մակարդակն այնքան բարձր է, որ մենք կարող ենք պարզ ճակատով խոսել դրանց շարունակականությունն ապահովող մեր պատրաստակամության մասին»,- նշեց վերլուծաբանը:

Մելիք-Շահնազարյանը նախագահի ելույթից առանձնացրեց նաև այն ազդակը, որով Սերժ Սարգսյանը եվրապատգամավորների ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանային անվտանգության վրա:

Ըստ նրա` սա բնական է, քանի որ Ադրբեջանը Արցախի խնդիրը փորձում է փաթաթել միջազգային տարբեր կառույցների վզին, որոնք դրա էությունը խորացված չեն ուսումնասիրել, իսկ նախագահը զգուշացրեց, որ Ադրբեջանի կաշառելու կամ տարբեր խոստումների միջոցով գնահատականներ ստանալու փորձերը կարող են վնասել գործընթացը: