Կարագի թանկացման հետևանքները. ներկրողները կանգնել են փաստի առաջ

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է կարագի թանկացման թեմային։
Sputnik

«ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կարագի գնի բարձրացման հետևանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ: Արդյունքում` կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ: Այս մասին նշված է թերթի այսօրվա համարում։

Հայերը «ո՛չ» են ասում թանկացումներին. լուսանկարներ

«Ավելին` ինչպես պնդում են մեր աղբյուրները` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, և ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով»,- գրում է «Ժողովուրդը»:

Հոդվածագիրն ընդգծում է, որ մինչ այդ միջազգային շուկայում կարագի գները սկսել են նվազել: Բայց Հայաստանը դեռ չի շտապում արձագանքել կատարվածին: Եվ, ընդհանրապես, մեզանում շուկան րոպեական արձագանքում է գնաճին, իսկ ահա գնանկման հետևանքները զգացվում են ամիսներ անց:

Պատահական չէ, որ միջազգային շուկայում կարագի մեկ կիլոգրամն արժի 4.8 դոլար, բայց Հայաստանում այն վաճառվում է ավելի քան 9.2 դոլարով»: