Ինչո՞վ է հայկական բանակը գերազանցում թուրքականին և ադրբեջանականին. բացատրում է փորձագետը

Հայկական բանակը հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որակական նոր փուլ է մտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայկական Զինված ուժերը, ի տարբերություն թուրքականի և ադրբեջանականի, ավելի բաց են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և հանրության համար, հինգշաբթի Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց «Ուժեղ հայկական բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը։

«Գլխավոր առանձնահատկությունը, որով Հայաստանի ԶՈւ-ն տարբերվում է թուրքականից և ադրբեջանականից, միջազգային կառույցների և հանրության համար բաց ու հասանելի լինելն է։ Բնականաբար, դա ապահովվում է` հաշվի առնելով անվտանգության կանոններն ու նորմերը։ Ցանկացողները կարող են ծանոթանալ զինվորների կյանքի պայմաններին, ճաշարան այցելել և այլն», — ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ապրիլյան դեպքերից հետո հայկական բանակը որակական նոր փուլ է մտել։ Մեկուկես տարում արդիականացվել է տեխնիկան, շփման գծում դիրքերն ամրապնդվել են և այլն։ Այսօրվա դրությամբ առավել հրատապ խնդիրներից մեկը զինծառայողների առողջությունն է։

Карен Ованнисян

«Բանակ գնացած առողջ տղաներն ավելի հաճախ են վերադառնում խնդիրներով», — ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա` նշանակում է, որ բանակը խաթարում է նորակոչիկների առողջությունը կամ նպաստում, որ թաքնված կամ ոչ լուրջ առողջական խնդիրները խորանան։

Հովհաննիսյանը կարծում է, որ խնդրի լուծման համար պետական ծրագիր է պետք, որը թույլ կտա զինվորական ծառայության ժամանակ զննել զինվորների առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել։

Նա կոչ արեց հասարակությանն օգնել Հայաստանի զինված ուժերին` հայկական բանակը վարկաբեկող արշավներին հակազդելու համար։ Հովհաննիսյանի խոսքով` որոշ մարդիկ դրսից ստացած ֆինանսավորման դիմաց բացասական տեղեկություն են տարածում հայկական ԶՈւ-ի մասին։