Պաշտպանության նախարարությունը զինծառայողներին խոստանում է հիփոթեքի աննախադեպ պայմաններ

ՀՀ ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է երկրի ղեկավարին: Այն նախատեսում է զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017 թվականի արդյունքներն ու նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Առաջին 120 զորակոչիկները «Ես եմ» ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել

Ամփոփելով 2017 թվականը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հայկական զինուժը պատվով կատարել է իր առջև դրված խնդիրները, ընդ որում՝ կյանքի են կոչվել մի շարք նոր ու բացառիկ ծրագրեր: Նախարար Սարգսյանը շեշտել է, որ 2017-ը հատկապես կարևոր տարի էր պաշտպանական ոլորտին վերաբերող օրենսդրությունն ամբողջությամբ վերանայելու և զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին նոր առանցքային դրույթներ սահմանելու համար:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ նախարարը չափազանց կարևորել է բացառիկ թափանցիկության սկզբունքով գործող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության շարունակականությունը: Հիմնադրամ, որը ֆինանսական օգնություն է ցուցաբերում հայրենիքի պաշտպանության ժամանակ հերոսացած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին: Լուծվել է նաև զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման հարցը:

Վիգեն Սարգսյանը խոսել է նաև առաջիկայում մեկնարկող սոցիալական նոր ու բացառիկ ծրագրի մասին, որը ենթադրում է բնակարանների ձեռքբերման հնարավորություն զինծառայողների համար՝ հիփոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով: Ծրագիրը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն:

Նախարար Սարգսյանը նիստի մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է երկրի ղեկավարին: Այն նախատեսում է զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի: