«Բարև, Լևոն Վիսոցկի». ինչպես է մեծ բանաստեղծը փոխել հայի կյանքը

Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել հայ բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանի կյանքի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Խորհրդային բանաստեղծ, հեղինակային երգիչ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծություններն «Ավանգարդ» երիտասարդական թերթում հրապարակելուց հետո Վիսոցկու բանաստեղծությունների թարգմանիչ Լևոն Բլբուլյանի կյանքն արմատապես փոխվել է։

Այդ մասին Բլբուլյանը պատմեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի-Մինսկ-Քիշնև-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ` նվիրված Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակին։

«Ես 10 տարի զբաղվել եմ Վիսոցկու ստեղծագործությամբ, սակայն կյանքի օրոք այդքան չեմ գնահատել նրան, համարել եմ սկանդալային անձնավորություն։ Վիսոցկու մահից հետո ես արդեն աշխատում էի «Ավանգարդ» գրական թերթում», — պատմեց Բլբուլյանը։

Նա մի անգամ որոշել է հայերեն թարգմանել և թերթում հրապարակել Վիսոցկու բանաստեղծությունները։ Այդ պահին Բլբուլյանն արդեն թարգմանչական փորձ է ունեցել։ Բանաստեղծի զարմանքը մեծ է եղել, երբ թերթի տպաքանակը հրապարակման հաջորդ օրը շատ արագ սպառվել է, իսկ հեռախոսն անդադար զանգել է։

Իր երգերի նման կենսունակ. Վիսոցկին այսօր կդառնար 80 տարեկան. տեսանյութ

«Առավոտից երեկո գովասանքի խոսքեր էին հնչում, խնդրում էին նոր բանաստեղծություններ հրապարակել, պոետի մասին տեղեկություն ներկայացնել։ Ինձ դա շատ է ոգեշնչել, և ես մեծամասնության խնդրանքով կրկին բանաստեղծություններ ու տեղեկություններ եմ հրապարակել Վլադիմիր Սեմյոնովիչի մասին», — պատմեց Բլբուլյանը։

Վիսոցկու ստեղծագործությունը հետաքրքրել է հայկական հեռուստատեսությանը, ռադիոյին։ Բլբուլյանը նպաստել է Հայաստանում Վիսոցկու արվեստի տարածմանը։

«Ընկերներս ինձ դիմելիս ասում էին. «Բարև, Լևոն Վիսոցկի»», — հիշում է Բլբուլյանը։

Բլբուլյանը Վիսոցկու 60-ամյակին կարողացել է գիրք հրատարակել արտիստի մասին, որում բանաստեղծություններից բացի, հրապարակվել են հիշողություններ բանաստեղծի մասին։ Նա նաև Վիսոցկու կնոջ` Մարինա Վլադիի «Ընդհատված թռիչք» գրքի թարգմանիչն է։

«Աշխարհում շատ քիչ գրողներ կան, որոնց հավասարապես սիրում են ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Նրանցից մեկը Վիսոցկին է։ Երևանում կա Վլադիմիր Վիսոցկի սրճարան, Վիսոցկու հարթաքանդակով հուշատախտակ», — եզրափակեց Բլբուլյանը։

Վիսոցկին Հայաստանում մեկ անգամ է եղել, սակայն մինչև հիմա լեգենդներ են պտտվում այդ այցի մասին։ Վլադիմիրը և նրա ընկերը` թարգմանիչ Դավիթ Կարապետյանը, սարսափելի վթարի մեջ են ընկել, որից հրաշքով են փրկվել։ Ասում են, որ այդ դեպքից հետո Վիսոցկին կնքվել է հայկական եկեղեցիներից մեկում։

Հունվարի 25-ին լրանում է հայտնի խորհրդային հեղինակ-կատարող, երաժիշտ, բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Վիսոցկու 80-ամյակը։ Իր կյանքի 42 տարիների ընթացքում Վիսոցկին գրել է ավելի քան 600 երգ, շուրջ 200 բանաստեղծություն, նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, ավելի 20 դերեր խաղացել ներկայացումներում։