Մենք լուսնից չենք ընկել. Թուրքիան Հայաստանի հետ չի խոսի նախապայմանների լեզվով

Հայաստանն Արցախի հարցում չի պատրաստվում զիջումների գնալ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատճառով, վստահեցնում է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայաստանը թույլ չի տա Թուրքիային միջամտել Արցախի հարցում, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ստրասբուրգում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը։

Հայաստանը Ստրասբուրգում կամուրջ կդառնա ԵՄ–ի ու ԵԱՏՄ–ի միջև. Շարմազանով

Թուրքիան չի կարող խոսել Հայաստանի հետ ուժի դիրքերից, նախապայմանների լեզվով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հինգշաբթի Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Հայաստանը բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է։ ՀՀ-ն տարածաշրջանային խաղաղության, կայունության կողմնակից է և մշտապես քայլեր է ձեռնարկել այդ հավասարակշռությանը հասնելու համար, բայց հայ-թուրքական հարաբերություններում մենք երբեք չենք անի այնպիսի քայլ, որը հակասում է մեր ստորագրած փաստաթղթին։ Իսկ արձանագրությունները, որը մենք 2009 թ-ին ստորագրում էինք, առանց նախապայմանների էին, և որևէ միակողմանի զիջում իրենց մեջ չէին պարունակում։ Մենք լուսնից չենք ընկել, մենք գիտենք երկրների հնարավորությունների մասին, բայց դա մեզ հետ նախապայմանների լեզվով խոսելու իրավունք չի տալիս նրանց», — ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` Թուրքիայի հանցագործ քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, և Թուրքիայի Հանրապետության ղեկավարները 4 օրում 5 հայտարարություն արեցին, որոնք ուղղակի սատարում էին Ադրբեջանի ռազմական ագրեսիան։

ԱԺ փոխխոսնակ. Ադրբեջանն իր մաքսիմալիստական քաղաքականության զոհն է դարձել

Միաժամանակ փոխխոսնակը պատասխանեց, որ այսօր էլ ՀՀԿ-ում կարծում են, որ 2008-2009թթ-ին Սարգսյանի նախաձեռնությունը (խոսքը այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» մասին է, խմբ.) ճիշտ էր։

«Խնդիրը մեր մեջ չէ։ Առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելը ձեռնտու է թե՛ մեզ, թե՛ Թուրքիային, թե՛ տարածքային անվտանգությանը», — ասաց Շարմազանովը։

Բայց արձանագրությունները ստորագրելու փոխարեն Թուրքիայի ղեկավարությունն անընդհատ զիջումներ է պահանջում Արցախի հարցում։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան տեղ չունի Արցախի վերաբերյալ բանակցություններում։

«Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը` միջազգային կառույց, որը մանդատ ունի», — ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մնալ տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքները, իսկ Անկարան չունի հարևան, որի հետ խնդիր չունենա։

2009թ-ի հոկտեմբերի 10-ին Թուրքիան և Հայաստանն արձանագրություն են ստորագրել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու մասին։ Այդ իրադարձությունը գնահատվել է որպես կարևոր քայլ պատմականորեն լարված հարաբերությունների կարգավորման մեջ։ Սակայն արձանագրությունն այդպես էլ չի վավերացվել։