ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ առաքելական եկեղեցու Պոլսո հայոց պատրիարքությունը կարող էր զերծ մնալ Սիրիայում Թուրքիայի ձեռնարկած «Ձիթապտղի ճյուղ» գործողության մասին որևէ մեկնաբանությունից, լռեր, ինչպես դա արել է հունական պատրիարքությունը, կարծում է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։
Պոլսո հայոց պատրիարքությունը հունվարի 22–ին թուրքերենով հաղորդագրություն է հրապարակել, որում թուրքական բանակին մաղթել է «Ձիթապտղի ճյուղ» գործողության բարեհաջող ավարտ։ Գործողությունը սկսվել է հունվարի 21–ին, երբ թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին։ «Հայոց պատրիարքությունը կարող էր այդ առիթով ոչ մի հայտարարություն չանել, ինչպես չարեց հունականը։ Սակայն նրանք հաջողություն են մաղթել այն բանակին, որը ռազմական գործողություններ է իրականացնում մի քաղաքում, որտեղ բազում հայեր են ապրում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Էստուկյանը։
Նրա խոսքով` խնդիրն այն է, որ հայոց պատրիարքությունը միշտ փորձում է հաճոյանալ Թուրքիայի իշխանությանը։ Էստուկյանը համոզված է, որ ինչ-որ մեկը Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցուն «հուշել» է այդպիսի բան անել, որպեսզի Էրդողանը «գնահատի» նրանց։
«Ինչպե՞ս նրանք կարող լինել մի բանի կողմնակից, որին դեմ են բոլոր խաղաղ երկրները», – վրդովվում է Էստուկյանը` հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները վնասել են Թուրքիայի հայերի համբավին։
«Եթե հարցնեն նրանց, ապա նրանք այդ ամենն անում են հօգուտ Թուրքիայի հայերի, սակայն իրականում դա այդպես չէ», – ասաց Էստուկյանը։
Թուրքիայի հայերը քննադատում են պատրիարքության հայտարարությունն ու պնդում են, որ այն հակասում է նրանց զգացմունքներին ու մտքերին։
Թուրքագետ Տիրան Լոքմագեզյանը չի բացառում, որ պատրիարքությունն այդ հայտարարությունը արել է վերևի ճնշման ներքո։
«Առաջին հերթին պետք է հասկանալ` ով կամ ինչն է դրդել պատրիարքարանին նման հայտարարություն անել։ Չի բացառվում, որ հայտարարությունն արվել է թուրքական իշխանության ճնշման ազդեցությամբ»,–ասում է Լոքմագեզյանը։
Նա նշեց, որ ցավոք, հայկական պատրիարքությունը վերջին տարիներին մշտապես խառնվում է Թուրքիայի քաղաքականությանը։
Վերջին շրջանում Ստամբուլի հայ պատրիարքարանում իրավիճակն անհանգիստ է։ Պոլսո Հայոց պատրիարքարանի նախկին տեղապահ Արամ Աթեշյանի` Էրդողանին ուղղված նամակը, որում նա դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, իսկական սկանդալ և քննադատություն է առաջացրել հայերի շրջանում և ոչ միայն Ստամբուլի։
Աթեշյանը փոխանորդ էր, հետո դարձավ տեղապահ, երբ 2008–ին Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ընկավ կոմայի մեջ և զրկվեց պատրիարքի պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Աթեշյանն իր հրաժարականի մասին հայտարարել է մայիսի 24–ին, հաջորդ պատրիարք է ընտրվել Գարեգին Բեքչյանը։