ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Երկկողմանի հանդիպումներից առաջ և հետո Ադրբեջանի սադրանքները նորություն չեն։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Արցախի շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիայի փորձը։
«Բաքվի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, այդպես էին ուզում արտահայտել իրենց դժգոհությունը Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից։ Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են ընդլայնել ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի լիազորությունները, ինչն Ալիևի ռեժիմի համար շահավետ չէ», — ասաց Քոչարյանը։
Խումբը ղեկավարում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը։ Ու թեև Բաքուն դժգոհ է, Քոչարյանի խոսքով, միևնույն է` պարտավոր է կատարել 2016 թվականին Վիեննայի պայմանավորվածություններով նախատեսված պարտավորությունները։
Ավելի վաղ Ստեփանակերտը հայտնել էր, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: