ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քաղաքացիական գերձայնային նոր ինքնաթիռ ստեղծել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Նախագահն առաջարկն արել է Գորբունովի անվան Կազանի ավիացիոն գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Պուտինն առաջարկել է սկսել նոր օդանավի մշակումը Տու-160 ռազմավարական հրթիռակրի հիմքի վրա։ Ինչպես նշել է ՌԴ նախագահը, այսօր երկրում անհրաժեշտ պայմանները կան նման նախագծի հաջող իրականացման համար։
«Տու-144-ն ինչո՞ւ դուրս եկավ արտադրությունից։ Ավիատոմսի արժեքը պետք է համապատասխաներ երկրի միջին աշխատավարձին։ Այսօր այլ իրավիճակ է, այսօր խոշոր ընկերություններ են հայտնվել, որոնք կարող են օգտագործել այդ ինքնաթիռը», — ասել է Պուտինը։
Նշենք, որ Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի պատմության ընթացքում մեկ գերձայնային ուղևորատար ինքնաթիռ է եղել` Տու-144-ը։ Օդանավն իր առաջին թռիչքն իրականացրել էր 1975 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ընդհանուր առմամբ Տու-144-ը 102 չվերթ էր կատարել, որից 55-ը` ուղևորատար (3284 ուղևոր էր տեղափոխվել)։ Այնուհետև օդանավի շահագործումը դադարեցվել էր։