Ի՞նչ է պետք անել ղարաբաղյան հիմնահարցը լուծելու համար. Ռուսաստանի ԱԳՆ–ն ունի պատասխանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում խոսել է արցախյան հակամարտության կարգավորման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Արցախյան հակամարտության կարգավորման հարցում պետք է բարձրացնել արդյունավետությունը, հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բաքուն խոսել է համանախագահների «կրեատիվ» գաղափարների մասին

«Կարծում եմ` պետք է ոչ թե ակտիվությունը բարձրացնել, այլ արդյունավետությունը։ Կարծում եմ` բոլորը դրանով էլ հենց կզբաղվեն», — նշել է նա։

Զախարովան նաև ավելացրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն փետրվարի 1-ին աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։

Հանդիպման շրջանակում նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ-ի տարածքում, այդ թվում Հարավային Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն աջակցելու հարցը։

Կրակովում հունվարի 18-ին համանախագահների միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։