Ո՞վ է գնապիտակներ նկարում Հայաստանում. անատամ ընդդիմությունն ու մազոտ կարդինալը

Այս շաբաթ Հայաստանի գրեթե բոլոր գնապիտակների վրա հայտնված թանկացումների թեմայով երկու միջոցառում է կազմակերպվել` երթ այդ երևույթի դեմ և խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ։ Ինչպես սպասվում էր, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը իրավիճակը չեն փոխել։
Sputnik

Երբ ինչ-որ միջոցառում անվանում են «լսումներ», բնորոշումը բառացիորեն չեն հասկանում։ Այդ գործընթացը ենթադրում է, որ ինչ-որ մեկը լսել է մյուսին, հարցեր տվել նրան և որոշակի պատասխաններ ստացել։ Այսինքն` կարծիքներ են փոխանակել, որոնք օգտակար են գործի համար։ Ազգային ժողովում թանկացումների վերաբերյալ «լսումները» ճիշտ կլիներ անվանել «ասել-խոսել», քանզի ինչ-որ մեկը միայն խոսելով էր զբաղված, իսկ մյուսը հոգնած լսում էր։ Կողմերն այդպես էլ ոչնչի չեն հանգել։

«Ո՛չ թանկացումներին» երթի մասնակիցները նահանջելու մտադրություն չունեն

Օրինակ` անհասկանալի է, թե գնաճի վերաբերյալ ինչ կարող է ասել Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարը։ Առավել ևս, որ Ստեփան Մնացականյանը միանգամից նախազգուշացրել է պատգամավորներին. «Հասարակությունը պետք է ընդունի Հայաստանի վիճակագրական ծառայությունը որպես անջատ մարմին, որը չպետք է ներառվի քաղաքական, վարչական, տնտեսական և այլ բնույթի տարաձայնություններում։ Իսկ թանկացումների մասին խորհրդարանական լսումները վերաբերում են բացառապես ապրանքների գների թանկացումներին։ Միաժամանակ վիճակագրական ծառայությունը զբաղվում է միայն ներկայացված տվյալները ֆիքսելով և ներկայացնելով»։

Այդ աքսիոմները լսելու համար պետք է մարդուն կտրել գործից, հետո էլ ստիպել արդարանալ` բացատրելով, թե նա ինչու չի կարող պատասխանել պատճառներին վերաբերող հարցերին։ Ազգային ժողովը, ի հեճուկս այդ ամենի, լսումներից հետո տվյալներ է տարածել վերջին հնգամյակի ընթացքում 2017թ-ին Հայաստանում տնտեսական ակտիվության մասին։ Ո՞վ մտածեր…

Ի՞նչն է թանկացել 2017 թվականին

Հանուն արդարության պետք է նշել, որ ընդդիմության որոշ պատգամավորներ մեծ և հիմնավորված կասկածներ են հայտնել նման խորհրդարանական ժամի նպատակահարմարության մասին։ Բայց «լսումներն» ամեն դեպքում կայացել են։ Ելույթ ունեցածների մեծ մասը դա արել է «ձևի համար», որպեսզի աչքի ընկնի` այնպիսի հարց տալով, որը մոտավորապես մոտ է հավաքի թեմային։ Ինչպես նշում են ԶԼՄ-ները, լսումների միակ արդյունքը եղել է խոսելու և լիցքաթափվելու հնարավորությունը. հարցն այն է` որքանով է այդ արդյունքը դրական։

Նման արդյունք է տվել նաև Երևանի փողոցներում անցկացված երթը, որն այդքան բազմամարդ չի եղել, ինչը սպասելի էր. հավանաբար պատճառը ձմեռն էր։ Բայց մարդիկ որոշ առումով լիցքաթափվել են։

Իհարկե, տարբեր կոչեր ու կարգախոսներ են հնչել. ի դեպ, ոչ մի նոր բան։ Իշխանափոխության անհրաժեշտության, օլիգարխների, մենատիրությունների մասին։ Ինչ-որ մեկը կրկին որոշել է վերածնել «համահայկական ապստամբության» մոռացված նախաձեռնությունը, այն էլ այնպես, որ ինչ-որ մեկին չեն թողել Վրաստան։ Վրացական իշխանություններին կարելի է հասկանալ. նրանց ինչի՞ն է պետք է համահայկական ապստամբությունն իրենց տարածքում։ Վաղն այդպես կվարվի, ասենք, Ավստրալիան. այնտեղ նույնպես չեն հասկանա, թե ինչու բոլոր հայերի ընդվզումը պետք է տեղի ունենա Սիդնեյում։

Այդ բոլոր լսումներից, երթերից ու ընդվզումներից հետո մի գեղեցիկ առավոտ արթնանում է նա, ով որոշում է, օրինակ, ավոկադոյի գինը։ Կամ պապայայի, կարևոր չէ։ Պարտադիր չէ, որ նա պետական պաշտոն զբաղեցնի, բայց նա որոշում է գինը։ Նա արթնանում է, ձգվում, քորում կուրծքը (պարտադիր չէ մազոտ) և առավոտյան սուրճի բաժակի շուրջ նկատում` ինչ-որ շատ էժան է ավոկադոն կամ պապայան։

Նա վերցնում է հեռախոսը և ցուցումներ տալիս, որ այս րոպեից գինը բարձրանում է N տոկոսով։ Ընդ որում, նաև այն ապրանքատեսակների, որոնք վաղուց են պահեստավորված։ Հարց է ծագում` ինչու՞, ինչո՞վ է դա պայմանավորված։ Պատասխանը հետևյալն է. ոչ մի բանով, սուրճն է դրդել։ Ահա եթե պայմանավորված լիներ մակրոտնտեսական գործոններով, ապա գներն ավելի շատ կբարձրանային։ Ավոկադոյի։

Թանկացումները հասան գյուղ. գյուղմթերքը կթանկանա 5%–ով

Ի՞նչ անել, որ նման բան չլինի։ Ոչինչ, ոչ ոք ոչ մի առաջարկ չունի։ Իրական և գործուն, որոնք արժե գոնե փորձել։ Ոչ ոք մատով ցույց տալուց և փաստերն արձանագրելուց հեռու չի գնում. «գներն աճել են», «տնտեսությունը չի աշխատում» և «պետք է փոխել իշխանությունը»։ Իսկ ի՞նչ անել, որ չաճեն, այդ մասին լռում են։

Քանի որ ոչ ոք այդ կապակցությամբ գործողությունների ծրագիր չունի։

Այստեղ պարադոքսալ միտք է ծագում։ Ենթադրենք, մենք իշխանությունը փոխելու նպատակ ունենք։ Շատ լավ, բայց ինչի՞ց սկսենք։ Եվ այստեղ հասկանում ես, որ իշխանափոխության համար պետք է սկզբից փոխել ընդդիմությունը։

Փոխարինել այնպիսի ընդդիմությամբ, որը կնշեր խնդրի լուծման տրամաբանական ուղիներ` հիմնավորված և իրական։ Կմշակեր գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել դրական արդյունքների, որպեսզի կարգախոսների փոխարեն խոսեր ծրագրերով։ Գուցե մի օր էլ իշխանությունը համաձայներ այդ փաստարկների հետ։ Եվ գները չէին բարձրանա, երբ ուզեին։ Ավոկադոյի։

Իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում, լուրջ ճգնաժամի մարմնավորում է, որում հայտնվել է երբևէ աչքի չընկած ընդդիմությունը և ամբողջ երկիրը։ Ամենայն հավանականությամբ, այդ ճգնաժամը երկար կտևի։ Երկար և տաղտկալի։

Իսկապես, նման իրավիճակում յուրաքանչյուրին մնում է վարվել իր հասկացողության համապատասխան. ով ինչքան ունի։

Իսկ երթերը, որպեսզի սխալ չհասկանաք, ամեն դեպքում պետք են։ Թեկուզ գնահատելու համար, թե ժողովուրդը որքան պետք է հավատա, որ ինչ-որ բան կարելի է փոխել կարգախոսներով և իշխանափոխությամբ։ Դրա համար երթի մասնակիցների ընդհանուր թվից պետք է հանել նրանց որոշակի տոկոսը, ովքեր այնտեղ հայտնվել են այն պատճառով, որ կուսակցություն է կանչել։ Մնացածը պահանջվող ռոմանտիկները կլինեն։