ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայաստանի հանքերը ստիպված են լինելու օգտակար հանածոների արդյունահանման մասին ամբողջական տեղեկություններ ներկայացնել։ Ընդերքի մասին օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարելու նախագիծը հավանություն ստացավ կառավարության` հունվարի 25-ին կայացած նիստում։
Քանի՞ տոննա գունավոր մետաղ (կամ քանի ունցիա թանկարժեք), քանի՞ տոննա մարմար կամ նույնիսկ ավազ է արդյունահանվել մեկ տարվա ընթացքում։ Այժմ հայաստանյան հանքերի միայն մի մասն է այս տվյալները ներկայացնում։ Որպես կանոն` նրանք, որոնք մայր ընկերություններ ունեն ու գրանցված են ֆոնդային բորսաներում։ Մյուսները, այդ թվում նաև հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», լռում են։ Քարի հանքերի մասին խոսք անգամ չկա. շրջանառությունն ավելի քիչ է, իսկ ներդրողներ գրավելու հավակնություններ չունեն։
«Լռողներին» օգնում է նաև այն, որ Հայաստանի օրենսդրությունը կոմերցիոն գաղտնիքի հստակ սահմանում չի տալիս։ Միայն առանձին դեպքերում են ստիպում տեղեկություններ ներկայացնել` բանկերի համար (որոնց հսկում է կենտրոնական բանկը), մեծ ընկերությունների համար (որտեղ արտաքին աուդիտը պարտադիր է) և հակամենաշնորհային հետաքննությունների դեպքում (մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պահանջով)։
Հիմա արդյունահանող ընկերությունները ուշադրության կենտրոնում են հայտնվել։ Նրանց կպարտավորեցնեն տվյալներ հրապարակել արդյունահանման ծավալների, վճարված հարկերի ու տեղի վարչակազմերի աջակցության (օրինակ` հանքի հարևանությամբ գտնվող գյուղերի ու քաղաքների), բարեգործական գործունեության մասին։
Տվյալների հրապարակումը պահանջում է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության միջազգային նախաձեռնություն» կազմակերպությունը, որն ավելի քան 50 անդամ ունի։ Հայաստանն այս կազմակերպությանը միանալու գործընթացը սկսել է 2015 թվականին։