ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը Վրաստանի իշխանությունից այդքան էլ շատ գումար չի ստանում, որպեսզի կարողանա ապահովել բոլոր հայկական եկեղեցիների ծախսերը, կարծում է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմ մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։
2014 թվականից Վրաստանի կառավարությունը խոշոր կրոնական համայնքներին փոխհատուցում վճարում խորհրդային տարիներին հասցված բարոյական և նյութական վնասի համար։
«Այս տարի Վրաստանի թեմին 600 հազար լարի (շուրջ 240 հազար դոլար) էր հատկացվել։ Սակայն այդ գումարն այդքան էլ մեծ չէ` հաշվի առնելով, որ դրանք ուղղվում են 57 եկեղեցու կարիքները հոգալու համար», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
Ամենից շատ ստացել է մուսուլմանական համայնքը` 2 մլն 200 հազար լարի (շուրջ 800 հազար դոլար), այնուհետև հայկականը, հռոմեական կաթողիկեն` 400 հազար լարի (160 հազար դոլար), հրեականը` 300 հազար լարի (120 հազար դոլար)։
Անցյալ տարի Վրաստանի կառավարությունը Հայ առաքելական եկեղեցու թեմին 800 հազար լարի (350000 դոլար) էր փոխանցել։ Այդ բյուջեից նաև աշխատավարձ է վճարվում թեմի ավելի քան 100 աշխատակցի, 8 հոգևոր անձանց, ինչպես նաև ֆինանսավորվում էր համայնքի մշակութային-կրթական կենտրոնների գործունեությունը։
Յուրաքանչյուր համայնքին գումարը հատկացվում է նախնական խորհրդատվությունից հետո` հաշվի առնելով եկեղեցի այցելողների, հոգևոր անձանց, կրոնական շինությունների և կառույցների քանակը։ Այսպիսով «ջեքփոթը» բաժին է հասել մուսուլմանական համայնքին։
Հայերի թիվը Վրաստանում տարեցտարի պակասում է։ Վերջին մարդահամարի տվյալներով` Թբիլիսիում 55 հազար հայ է ապրում։