Հայաստանը Ստրասբուրգում կամուրջ կդառնա ԵՄ–ի ու ԵԱՏՄ–ի միջև. Շարմազանով

Հայաստանը ձգտում է համագործակցություն հաստատել Եվրամիության ու ԵԱՏՄ–ի միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում` որպես ԵՄ ու ԵԱՏՄ-ի միջև կամուրջ հանդիսացող երկրի նախագահ, այսօր` հունվարի 25-ին, լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում։ Հայաստանը պետք շարունակի զարգացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մյուս կողմից էլ` հետևելով մեր շահերին` մենք ԵՄ-ի հետ համաձայնագիր են ստորագրել», — ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` Ստրասբուրգում Հայաստանը ներկայացրել է իր հստակ մեսիջն այն մասին, որ Եվրոպական միությունն ու ԵԱՏՄ-ն պետք է համագործակցեն։

«Մենք ուզում ենք, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն համագործակցեն, քանի որ դա այդ երկու միությունների բնակիչների շահերից է բխում», — ասաց փոխխոսնակը։

Նրա խոսքով` Սարգսյանը հանդես է եկել որպես մի երկրի նախագահ, որը երկու կառույցների միջև կամուրջ է հանդիսանում։